ՀՀ փոխվարչապետները ԼՂ–ից տեղահանվածներին առնչվող հարցեր են քննարկել ՄԶԳ ներկայացուցչի հետ
15:28 23.10.2023 (Թարմացված է: 15:55 23.10.2023)
© Photo : official site of the Government of RAՄհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը
© Photo : official site of the Government of RA
Բաժանորդագրվել
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առնչվող հարցեր են քննարկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մըքիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի հիմնարար կարիքների բավարարման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը և առաջիկա անելիքները: Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի առջև ծառացած արդի մարտահրավերները»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ փոխվարչապետը նաև ընդգծել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր ոլորտներում։ Նա մասնավորապես նշել է տնտեսության զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությունները:
Տիգրան Խաչատրյանն էլ մանրամասն անդրադարձել է տեղահանված բնակչության հիմնական կարիքներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Երկուստեք կարևորվել է երկարաժամկետ աջակցության արդյունավետ գործիքակազմի ներդրումը, մասնավորապես` զբաղվածության հասցեական ծրագրերի միջոցով։
Էրին Մըքին վերահաստատել է ԱՄՆ ՄԶԳ պատրաստակամությունը` աջակցելու ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքներին:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։