ՌԴ-ի հասցեին ՀՀ-ից հնչող հակասական խոսքերի հեղինակները պետք է պարզաբանում տան. Կոպիրկին
© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայում
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայում
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
ՌԴ–ի հիմնական շահերից մեկն այն է, որ Հարավային Կովկասում իրավիճակը լինի հանդարտ և ռազմական էսկալացիա չլինի։ Դիվանագետը համոզված է, որ տարածաշրջանը պետք է ապրի կայուն և տնտեսապես արդյունավետ։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Արտերկրում, նախևառաջ, հետխորհրդային տարածքում ռուսական հյուպատոսական ներկայության ընդլայնումն այն գիծն է, որը հիմա տանում է ՌԴ–ն։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով Կապանում ՌԴ հյուպատոսության բացմանն ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքները։
«Սյունիքում բավական հաճախ եմ լինում, ես սիրում եմ այդ մարզը։ Այս անգամ այցս առանձնակի բնույթ էր կրում` հաշվի առնելով ողբերգական այն իրավիճակը, որը ստեղծվել է ԼՂ–ից հայերի հեռացման հետ կապված։ Նրանց ցավը մենք ընկալում ենք որպես մեր սեփականը, քանի որ մեր կապերը շատ խորն են, տևական, և այն, ինչ ապրում է հայ ժողովուրդը, միշտ Ռուսաստանում ընկալվել է որպես ինչ–որ անձնական բան», – ընդգծել է դիվանագետը։
Խոսելով Հայաստանում վերջին ամիսներին նոր թափ ստացած հակառուսական հռետորաբանության մասին` դեսպանը տարակուսանք է հայտնել, որ մարդիկ, որոնք մեղադրում են Ռուսաստանին շահադիտական նպատակներ հետապնդելու, հակահայկական դավադրությունների մեջ, տրամաբանական հակասություն չեն տեսնում իրենց խոսքերի և իրականում կատարվողի միջև։
Բավական է տեսնել, թե ինչպես են զարգանում երկու երկրների տնտեսական կապերը` հայ–ռուսական ապրանքաշրջանառությունը նախորդ տարի 5 մլրդ դոլար է կազմել, իսկ այս տարի այն էլ ավելի մեծ տեմպերով է աճում. առաջին 8 ամիսների ընթացքում այն արդեն գերազանցել է 4 մլրդ դոլարը։
Դեսպանի կարծիքով` հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հակասական հայտարարությունների հեղինակները պետք է պարզաբանում ներկայացնեն, որպեսզի բոլորին հասկանալի լինի։ Դիվանագետն ասում է, որ մեր երկրների, ժողովուրդների համար այդ թեման իսկապես շատ կարևոր է, այդ պատճառով ցանկալի է հստակություն ունենալ։
«Ռուսաստանի համար Հարավային Կովկասը մեր մեծ տան մի մասն է, քանի որ իսկապես դրանից շատ բան է կախված, և մեզ համար այն կենսական կարևորություն ունեցող տարածաշրջան է։ Հասկանալի է, որ Ռուսաստանն իր շահերն ունի, և նա դրանք առաջ է մղելու է, իրականացնելու է։ Սակայն ես լիովին համոզված եմ, որ ՌԴ–ի կարևորագույն, առանցքային շահերից մեկն այն է, որ տարածաշրջանում լինի հանգիստ, որպեսզի այստեղ ռազմական սրացումներ չլինեն, և որպեսզի այստեղ իսկապես պայմաններ ստեղծվեն կայուն և տնտեսապես արդյունավետ կյանքի համար», – եզրափակել է Կոպիրկինը։
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հարաբերություններ են մարդկանց և ժողովուրդների միջև։ Հայերը մշտապես շատ մեծ դեր են խաղացել և՛ Ռուսական կայսրությունում, և՛ Խորհրդային Միությունում, և՛ այսօր`ՌԴ պետությունում։ Դիվանագետը հիշեցրել է, որ իր մայր բուհը` ՄԳԻՄՕ–ն (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ), ստեղծվել է արևելյան լեզուների հայկական Լազարյան ինստիտուտի հենքի վրա, և սա բազմաթիվ օրինակներից մեկն է։ Այդ իսկ պատճառով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ամենևին էլ միայն աշխարհաքաղաքականությունը չէ։