Ընտրացուցակներում 229 մահացած անձանց տվյալներ են հայտնաբերվել. Արմեն Ղազարյան
11:57 17.09.2023 (Թարմացված է: 12:19 17.09.2023)
© Sputnik / Asatur YesayantsԵրևանի ավագանու ընտրություններ
Երևանի ավագանու ընտրություններ
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շուրջ 381 անճշտություն է հայտնաբերել ընտրացուցակներում
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստուգումների արդյունքում ընտրացուցակներում 381 անճշտություն է հայտնաբերել, որոնցից 229 դեպքում մահացած անձանց տվյալներ են եղել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նա ներկայացրեց, թե որ դեպքում են մահացած անձանց տվյալները մնում ընտրացուցակներում։
«Եթե քաղաքացին մահանում է ՀՀ տարածքից դուրս, աճյունի տեղափոխությունից հետո անհրաժեշտ է, որ հարազատներն այստեղ մահվան վկայական ստանան։ Այդ վկայականը ստանալու դեպքումնմանատիպ անճշտություններ չեն լինում, սակայն լինում են դեպքեր, երբ հարազատները գալիս են, հուղարկավորությունը իրականացնում են, սակայն մահվան վկայականը ձեռք չեն բերում։ Այդ պարագայում մենք կարող ենք ունենալ նմանատիպ դեպքեր»,– պարզաբանեց Ղազարյանը։
Նա նշեց, որ մնացած անճշտությունները եղել են տեխնիկական բնույթի (օրինակ` անձն իր անուն–ազգանունը չի հայտնաբերել ընտրացուցակում), դրանք ևս ճշգրտվել են։
Հիշեցնենք` Երևանում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում, որին մասնակցում են 13 կուսակցություն և 1 դաշինք.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն (թեկնածուն` Տիգրան Խզմալյան),
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան),
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան),
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (Արման Ղուկասյան),
«Ուժը հայրենյաց» կուսակցություն (Նելլի Հարությունյան),
«Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան),
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (Հայկ Մարության),
«Հաղթանակ» կուսակցություն (Վիկտոր Մնացականյան),
«Ապրելու երկիր» կուսակցություն (Մանե Թանդիլյան),
«Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Զեյնալյան),
«Միացյալ Հայաստան» կուսակցություն (Երվանդ Թարվերդյան),
«Արդար Հայաստան» կուսակցություն (Նորիկ Նորիկյան),
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Դավիթ Խաժակյան),
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ) (Անդրանիկ Թևանյան)։
Նշենք, որ ժամը 08։00–ին Երևանի 12 վարչական շրջաններում բացվել են 475 ընտրական տեղամասերի դռները։
Երևանի քաղաքի գրանցում ունեցող քաղաքացիները կարող են մինչև երեկոյան 20։00–ն մասնակցել ավագանու ընտրություններին և իրենց քվեն տալ նախընտրած ուժին։
Սեպտեմբերի 7-ի դրությամբ Երևանում ընտրողների թիվը կազմում է 824 հազար 250։ Ըստ վարչական շրջանների` ամենաշատ ընտրողները Շենգավիթ համայնքում են` 110780, իսկ ամենաքիչը Նուբարաշենում` 8065։