Սա դատավճիռ չէ, ախտորոշում է. 13 տարի մետաստազներով ապրող և աշխատող կնոջ հաղթանակը
© Photo : provided by Karine SaribekyanԿարինե Սարիբեկյանը թոռների հետ
Կարինե Սարիբեկյանը թոռների հետ
© Photo : provided by Karine Saribekyan
Բաժանորդագրվել
Մեր հերոսուհին տարիներ շարունակ կանանց խորհուրդ տալիս էր պարբերաբար ինքնազննում անել կրծքում գոյացությունը վաղ փուլում հայտնաբերելու համար, բուժզննումներ անցնել, բայց հենց ինքը, լինելով բժիշկ, գերզբաղվածության պատճառով դա չէր անում։
Հերթական միջազգային մեծ ու կարևոր կոնֆերանսին պատրաստվելիս հանկարծ հիշեց` վաղուց ինքնազննում չի արել, շոշափեց կուրծքն ու միանգամից հասկացավ... Այդպես 13 տարի առաջ 55 տարեկանում սկսվեց Կարինե Սարիբեկյանի պայքարն ապրելու համար։
Առողջապահության նախարարությունում աշխատել է գրեթե 3 տասնամյակ, որից 26 տարին` «Մոր և մանկան առողջության պահպանման վարչության» պետի պաշտոնում։ Հենց նրա ղեկավարման տարիներին են այս ոլորտում հեղափոխական որոշումներ ընդունվել, մեր երկրում կտրուկ նվազել է մանկական մահացությունը, տարբեր հիվանդությունների թիվը։
«Կլինիկական պրակտիկայի առաջին պացիենտիս եմ հիշում` երիկամային անբավարարությամբ 10 տարեկան տղա էր, տեսքից այնպես հուզվեցի, սկսեցի լացել, դասախոսս ասաց` դու լավ բժիշկ ես դառնալու»։
Արդեն 81–ին սկսեց աշխատել Հանրապետական մանկական հիվանդանոցում (ներկայիս` «Արաբկիր» ԲԿ)։ Ասում է` էյֆորիա էր ապրում ամեն անգամ, երբ աշխատանքի արդյունքն էր տեսնում` առողջացած երեխա։
Տարիներ անց հիվանդանոց ստուգման եկան նախարարությունից, նկատեցին ուշադիր, աշխատանքում կրեատիվ մոտեցումներով երիտասարդ մանկաբույժին։ Առաջարկեցին ղեկավարել հիվանդանոցներից մեկի նորածնային բաժինը։
«Ես այդ ժամանակ հղի էի, ինչքան էլ զարմացած էի, որովհետև սովոր չէինք` առանց ծանոթության նման աշխատանքի են նշանակում, բայց հրաժարվեցի, հասկանում էի` երեխաս կծնվի, չեմ կարողանա աշխատել»։
Առաջարկեցին նախարարություն տեղափոխել, մինչև երեխան կծնվի, որոշ ժամանակ կանցնի, կլինիկական աշխատանքի կվերադառնա։ Համաձայնեց։
© Photo : provided by Karine SaribekyanԿարինե Սարիբեկյանը դստեր հետ
Կարինե Սարիբեկյանը դստեր հետ
© Photo : provided by Karine Saribekyan
«Առաջին ամիսներին չէի հասկանում, թե էս նախարարությունն ինչով է զբաղվում, դեռ Սովետն էր, Մոսկվայից հրամանները ստանում էինք, մի տառ փոխում, իջեցնում հիվանդանոցներին, հետո հաշվետվություններ ուղարկում Մոսկվա, սարսափելի ձանձրանում էի։ Խնդրեցի ինձ հետ ուղարկել հիվանդանոց։ Այն ժամանակվա փոխնախարարն ինձ կանչեց, ասաց` եթե քո աշխատանքի արդյունավետությունը հիվանդանոցում անգամ 100 տոկոս լինի, տարեկան կփրկես 20–30 երեխա։ Եթե նախարարությունում համակարգեր փոխես, բարելավես ոլորտը, անգամ եթե քո ՕԳԳ–ն լինի 10 տոկոս, դու 10 անգամ ավելի երեխաների կյանք կփրկես, որովհետև հանրապետության բնակչության 1/3-րդը երեխաներ են»։
Համաձայնեց, բայց շարունակում էր կարոտել աշխատանքը։ Խոստովանում է` գրեթե ամեն գիշեր երազում հերթապահում էր։
«Ես դարձա վարչական աշխատող, բայց չդարձա չինովնիկ»,– ժպտում է Կարինե Սարիբեկյանը։
Տարիներ շարունակ նա իսկապես համակարգեր փոխեց, ամենամեծ արշավներից մեկը կրծքով կերակրման քարոզն էր, մայրիկներին սովորեցնելը, բացատրելը, թե բալիկի համար որքան կարևոր է մայրական կաթը, միաժամանակ կրծքով կերակրման օգուտները հենց մայրիկի համար։ Ասում է` մանկամահացության նվազման այն ցուցանիշները, որ Հայաստանում գրանցվեցին, ԱՀԿ–ին զարմացրել էին։ Հատուկ եկան` հասկանալու, թե ինչ է անում Հայաստանը, որ ամբողջ հետխորհրդային տարածքում մանկամահացությունը բարձրացել է, մեզ մոտ` նվազել։
«Սովետական տարիներին ընդունված էր` հենց երեխան ծնվում էր, թասիկով ջուր էր դրված, երեխային անմիջապես մտցնում, լողացնում էին, մայրիկին էլ 2-3 օր հետո տալիս։ Բայց դա ճիշտ չէր, երեխային զրկում էին պաշտպանությունից։ Երեխան պաշտպանիչ շերտով է ծնվում, 9 ամիս տաքուկ, ապահով, հարազատ վայրում անցկացնելուց հետո հանկարծ` լույս, աղմուկ։ Ահավոր սթրես է... Լավագույն պաշտպանությունը մայրիկի գիրկն է, դրա համար արդեն երկար տարիներ է` երբ ծնվում է երեխան, միայն սրբում ենք և անմիջապես մայրիկի կրծքին դնում»։
© Photo : provided by Karine SaribekyanԿարինե Սարիբեկյանը թոռան հետ
Կարինե Սարիբեկյանը թոռան հետ
© Photo : provided by Karine Saribekyan
Կարինե Սարիբեկյանը հոգ էր տանում բոլորի ու ամեն ինչի մասին, փոխարենն ինքն իր մասին հոգ տանելու ժամանակ չէր գտնում։ 2010–ին Հայաստանում միջազգային մեծ կոնֆերանս էր նախապատրաստվում, հենց դրանից երկու օր առաջ կրծքում գոյացություն շոշափեց։ Այն, որ վիճակը լուրջ է, միանգամից հասկացավ` կոշտ էր, անհարթ մակերեսով, անշարժ։ Մամոգրաֆիան հաստատեց. քաղցկեղ է, հետագա հետազոտությունները ցույց տվեցին` բացի թևատակի լիմֆատիկ հանգույցներից, նաև հեռակա մետաստազներ կան կոնքոսկրերի հատվածում։ Քաղցկեղը 3-4–րդ փուլում էր։ Որպես բժիշկ լավ հասկանում էր` առողջանալու շանսեր չկան, հիմա սկսելու է պայքարել կյանքը երկարացնելու ու կյանքի լավ որակը պահպանելու համար։
«Նախարար Հարություն Քուշքյանի գլխավորությամբ կոնսիլիում արեցին ինձ համար։ Ես բժշկական թղթերը պատրաստել էի, ինչպես կոնֆերանսների, քննարկումների ժամանակ էի անում, բերեցի, թղթապանակները բաժանեցի։ Բոլոր պրոֆեսորներն ասում էին` տոտալ մաստէկտոմիա (կրծքագեղձի ամբողջական հեռացում), մի երիտասարդ բժիշկ ասաց` կներեք, կարելի՞ է ես ասեմ։ Ես էլ շատ ինձնից գոհ ասացի` դու դեռ շատ երիտասարդ ես... Ի վերջո, հենց այդ երիտասարդ բժշկի (ներկայում` Արյունաբանական կենտրոնի մեծահասակների կլինիկայի տնօրեն Դավիթ Զոհրաբյան) առաջարկած բուժման սխեմայով եմ հիմա ձեզ հետ զրուցում ախտորոշումից 13 տարի անց»։
Այդ տարիներին Կարինե Սարիբեկյանի կյանքը փրկելու համար համախմբվեց ամբողջ բժշկական համայնքը, միացան նաև միջազգային գործընկերները։ Մեր երկրում ուռուցքաբանության ոլորտում վիրահատությունները դեռ զարգացած չէին, ուստի հավաքագրված գումարներով տիկին Սարիբեկյանը վիրահատվեց և ճառագայթային թերապիան ստացավ Ֆրանսիայում, մինչ վիրահատությունը, ինչպես երիտասարդ բժիշկն էր առաջարկել, քիմիաթերապիայի կուրսեր անցավ Հայաստանում։
© Photo : provided by Karine SaribekyanԿարինե Սարիբեկյանն ընտանիքի հետ
Կարինե Սարիբեկյանն ընտանիքի հետ
© Photo : provided by Karine Saribekyan
«Մոտ 1 ամիս ընտանիքս չգիտեր ախտորոշմանս մասին, թեպետ երեխաներս բժիշկներ են։ Ասում էի` դիաբետի համար կաթիլային եմ ստանում։ Երբ արդեն մազերս սկսեցին թափվել, նոր հասկացան` քաղցկեղ է... Քիմիաթերապիայից աշխատանքի էի գնում։ Ընկերուհիներս իմանում էին, սկսում էին լացել, ես էի իրենց հանգստացնում»։
Ամբողջ ցերեկն անցկացնում էր ժպիտը դեմքին, ծիծաղելով, աշխատանքի մեջ խրված, թոռնիկների հետ էր խաղում, թեպետ սարսափելի ցավեր ուներ, գիշերը, երբ բոլորը քնում էին, ինքն էլ էր լաց լինում։
«Շատ դժվար էր, մարդ էի փնտրում, որ ասեր` սա ճակատագիր չէ, ընդամենը ախտորոշում է, դեպքեր էին ինձ պատմում, որ կարողացել են երկար ապրել։ Մի ընկերուհի ունեի, ասում էր` մի օր ավել էլ ապրեմ, շնորհակալ եմ Աստծուն»։
Սկսեց եկեղեցի գնալ, հաճախ խոսել Աստծո հետ, աղոթել։ Ասում է` նկարագրելը դժվար է, բայց աստվածային ներգործությունը զգաց, ինչպես մի քանի տարի առաջ էր եղել։
«Տղաս շատ հիվանդ էր, վախենում էի իր կյանքի համար։ Մի գիշեր ասացի` խնդրում եմ, Աստված ջան, փրկիր երեխայիս, առողջացրու, ինձ ինչ ուզում ես ուղարկիր, ես կդիմանամ։ Չգիտեմ, երևի այդ ժամանակ էլ էր Աստված լսել ինձ... Երեխաս բուժվեց»։
Քաղցկեղի դեմ պայքարը սկսելուց հետո հաճախ խորհրդանշական երազներ էր տեսնում։ Դրանցից մեկն այսքան տարի անց էլ հիշելիս փշաքաղվում է։
«Դուռը ծեծեցին, սևազգեստ տարիքով կին էր, ասացի` ես Ձեզ չեմ ճանաչում, ինչո՞ւ եք եկել, ինձ հրեց, առաջ գնաց, նստեց խոհանոցում։ Երկար ժամանակ չէր գնում։ Էլի դռան զանգը լսվեց, սևազգեստ կինը վեր կացավ, ասաց` հիմա իմ գնալու ժամանակն է, դուռը բացեցի, սպիտակ շորերով, երիտասարդ կին ներս եկավ։ Հասկացա, որ հաղթահարելու եմ, որովհետև լույս կա»։
Բուժումներից 5 տարի անց քաղցկեղը նորից գլուխ բարձրացրեց, էլի ծանր քիմիաթերապիա... Կրկին ռեմիսիայի (առողջացման) շրջան, մի քանի տարի անց էլ` 3-րդ ռեցիդիվը (կրկնություն) եղավ։
© Photo : provided by Karine SaribekyanԿարինե Սարիբեկյանը դստեր հետ
Կարինե Սարիբեկյանը դստեր հետ
© Photo : provided by Karine Saribekyan
«Հոգնել էի, ասացի` վերջ, էլ չեմ բուժվելու, էլ ոչ մի քիմիա։ Աղջիկս եկավ, ասաց` քեզ ի՞նչ է թվում, դու հանձնվելու ես էսպես, մենք կարողանալո՞ւ ենք ապրել։ Դու ուզում էիր, որ մենք 3-րդ երեխան ունենանք։ Պայմանավորվում ենք, ես 3-րդ երեխան եմ ունենում, դու գնում ես բուժվելու։ Գնացի քիմիաթերապիայի, մի քանի ամիս անց աղջիկս ասաց, որ հղի է։ Որոշ ժամանակ անց իմացա, որ տղայիս ընտանիքում էլ 3-րդն է ծնվելու։ Այսպես, իմ հիվանդությունը մի քիչ օգտագործելով` թոռնիկներս շատանում են»,– ծիծաղում է։
Հիմա արդեն Կարինե Սարիբեկյանը մետաստազներ ունի նաև լյարդում, ողնաշարում, քայլելու որոշակի դժվարություններ կան, չնայած դրան շարունակում է աշխատել։ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդականն է և ԱՆ–ում մոր և մանկան առողջության պահպանման հարցերով խորհրդատուն։
© Photo : provided by Karine SaribekyanԿարինե Սարիբեկյան
Կարինե Սարիբեկյան
© Photo : provided by Karine Saribekyan
«Ասում եմ` բժիշկ ջան, ինձ ինչքա՞ն է մնացել, ասա, իմանամ` դեռ ինչքան թոռնիկ ուզեմ։ Ասում է` չեմ կարող ասել, ես հո գուշակ չեմ։ Ասում եմ` ախր էդքան գրականություն ես կարդում, էդքան հիվանդների հետ ես շփվում, փորձը հաշվի առնելով` ինչքա՞ն։ Ասում է` Ձեզնից ես էլ չունեմ, Դուք միակ էսպիսի օրինակն եք»։
Հետ նայելով այս 13 տարիներին` իր ապրելիության բացառիկ ցուցանիշը մի քանի հանգամանքով է բացատրում` այն տարիներին արտերկրում վիրահատվելը, ճիշտ, գրագետ բժիշկ ունենալն ու այն ընկերական, ընտանեկան թիմը, որը համախմբվեց, ուժ տվեց։ Այս տարիներն արդեն հաղթանակ է համարում, ասում է` հաղթեց, որովհետև հանձնվող տեսակ չէ, քաղցկեղը հանձնվողներին ավելի է թուլացնում, արագ հաղթում։ Հուսահատվելը հեշտն է, դա միշտ էլ կարելի է անել, ավելի լավ է հստակ որոշում կայացնել` ես ապրելու եմ։ Դա այն էր, ինչն ինքն արեց։