ԼՂ-ի անկախության հռչակումը չի խախտել Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը. Զուրաբյան
22:30 24.05.2023 (Թարմացված է: 22:38 24.05.2023)
© Sputnik / Karen YepremyanԼևոն Զուրաբյանն ԱԺ–ում
Լևոն Զուրաբյանն ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
© Sputnik / Karen Yepremyan
Բաժանորդագրվել
Զուրաբյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանի «ստերի և մանիպուլյացիաների բացահայտումն այսօր պետք է դառնա ամենակարևոր գործը, քանի որ այդ ստերի և մանիպուլյացիաների շնորհիվ է, որ նա դեռ կարողանում պահպանել իր կատարելապես ձախողված կառավարումը»։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին էժանագին խաբեությամբ է զբաղվում, երբ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը խախտել է և՛ Անկախության հռչակագիրը, և՛ Սահամանդրությունը։ Նման գրառում է արել Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը։
Նշենք, որ մայիսի 22-ին կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, «1989-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ մարզային խորհուրդը որոշում են կայացրել ԼՂԻՄ-ի և Հայաստանի վերամիավորման վերաբերյալ. 1990-ին Հայաստանն ընդունել է Անկախության հռչակագիր՝ հղում անելով նաև այդ որոշմանը»։ Այնուհետև Փաշինյանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը, ինչպես նաև Հայաստանի նախկին ղեկավարների դիրքորոշումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որոնք չէին դիտարկում Արցախը որպես միացյալ Հայաստանի մաս, խախտել են և՛ Անկախության հռչակագիրը, որը հղում է կատարում Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշման վրա, և՛ Սահամանդրությունը, որը հղում է կատարում Անկախության հռչակագրի վրա։
«Առաջին հայացքից թվում է, թե այստեղ ինչ-որ տրամաբանություն կա, բայց իրականում Փաշինյանը կրկին էժանագին խաբեությամբ է զբաղված»,–գրել է Զուրաբյանը։
Նա նշել է, որ 1995 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրին`օգտագործելով հետևյալ բառակապակցությունը` «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնական սկզբունքները և համազգային նպատակները»։
«Այսինքն՝ Սահմանադրությունը հիմք է համարում ոչ թե Անկախության հռչակագիրը որպես ամբողջական տեքստ, այլ նրա 12 կետերում հաստատագրված «հիմնական սկզբունքները և համազգային նպատակները», որոնք որևէ կերպ չեն առնչվում վերամիավորման մասին որոշման հետ»,–գրել է նա։
Զուրաբյանի խոսքով` վերամիավորման որոշման հղումը հռչակագրում կատարված էր հետևյալ պատճառով. Հայաստանը հայտարարում էր Խորհրդային Միությունից անկախանալու իր մտադրության մասին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի հետ միացյալ տարածքով: Բացի դրանից, պետք է ապահովվեր քվեարկության լեգիտիմությունը, քանի որ հենց վերամիավորման որոշման հիմքով Գերագույն Խորհրդի 260 պատգամավորից 10-ը ներկայացնում էին Արցախը: «Այսպիսով, ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ չի հաստատում վերամիավորման մասին որոշումը որպես իրավական նորմ, և նախկին իշխանությունները ղարաբաղյան քաղաքականության իրենց արտահայտած դիրքորոշումներով Սահմանադրությունը չեն խախտել»:
Բացի այդ, Զուրաբյանն ընդգծում է, որ պետք չէ մոռանալ, որ վերամիավորման որոշման և հռչակագրի ընդունման ժամանակ Հայաստանը դեռ գործում էր Խորհրդային Միության իրավական համակարգի մեջ։ 1991 թվականին, դեռ ԽՍՀՄ-ի լուծարումից առաջ, Խորհրդային Միության Սահմանադրական Վերահսկողության Կոմիտեն, որը ԽՍՀՄ-ում Սահամանդրական դատարանի դերն էր կատարում, չեղյալ համարեց և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումը, և՛ Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշումը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին։
«Այսինքն` զուտ ֆորմալ իրավական տեսակետից վերամիավորման մասին որոշումը կորցրել է իրավական ուժը և անգամ տեսականորեն չի կարող իրավական նորմ լինել անկախ Հայաստանի Սահամանադրության մեջ»,–գրել է նա։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե ումի՞ց է անկախացել Լեռնային Ղարաբաղը, Զուրաբյանը նշել է, որ Փաշինյանն ինքը անգամ չգիտի, թե ինչ է նկատի ունեցել, երբ 2021 թվականի ընտրությունների ժամանակ որպես նախընտրական կարգախոս ընտրել է «անջատում հանուն փրկության» կարգախոսը։
«Երբ դրա մասին նրան հիշեցնում է լրագրողը, Փաշինյանը հարցնում է. «Անջատում՝ ումի՞ց» (այդ հարցից հետո մտքովս անգամ անցնում է, որ նա իրականում նկատի է ունեցել Ղարաբաղի անջատումը Հայաստանից և վերադարձը Ադրբեջանին)։ Քանի որ այդ հարցը նա առնվազն մի քանի անգամ կրկնում է ասուլիսի ընթացքում, և պարզվում է, որ Հայաստանի գործող վարչապետը այդ հարցի պատասխանը մինչև հիմա չգիտի»,–գրել է Զուրաբյանը։
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի նպատակը միշտ էլ եղել է անկախացումն Ադրբեջանից։ ԽՍՀՄ-ի ներսում այդ պայքարը ձևակերպվել է որպես Հայաստանի հետ միավորման պահանջ, քանի որ ԽՍՀՄ Սահմանադրությունը նախատեսում էր որևէ ինքնավար միավորի փոխանցման մեխանիզմ խորհրդային մեկ հանրապետությունից մյուսին, և դա անջատման միակ իրավական մեխանիզմն էր։
Զուրաբյանը հիշեցրել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ աշխարհը որպես անկախ պետություն ճանաչեց 15 նախկին խորհրդային հանրապետությունները, Ադրբեջանից անջատվելու՝ միջազգային իրավունքի տեսակետից միակ ընդունելի ճանապարհը դարձավ անկախության հռչակումը ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի հիման վրա, ինչպես նախատեսում է 1975 թվականի ԵԱՀԿ/Խ Հելսինկյան եզրափակիչ ակտը։
Եթե պահպանվեր վերամիավորման մոտեցումը, միջազգային հանրության ընկալման մեջ Հայաստանը կդառնար հարևան երկրի նկատմամբ տարածքային նկրտումներ ունեցող երկիր, որն իր այդ ձգտմամբ ոտնձգություն է կատարում տարածքային ամբողջականության սկզբունքի դեմ։
«Նուրբ դիվանագիտության շնորհիվ մեզ հաջողվեց խուսափել նման վտանգավոր զարգացումներից և 1997 թվականին ստանալ կարգավորման այնպիսի միջազգային ծրագիրը, որն ստացել էր նաև Ադրբեջանի համաձայնությունը և դուռ էր բացում դեպի Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչում։ Այդ դուռ փակվեց միայն արկածախնդրական և առավելապաշտական ոչմիթիզական քաղաքականության հետևանքով, ինչի գագաթնակետը դարձավ Նիկոլ Փաշինյանի աղետաբեր կառավարումը»,–գրել է նա։
Զուրաբյանն իր խոսքը եզրափակել է` նշելով, որ Նիկոլ Փաշինյանի «ստերի և մանիպուլյացիաների բացահայտումը այսօր պետք է դառնա ամենակարևոր գործը, քանի որ այդ ստերի և մանիպուլյացիաների շնորհիվ է, որ նա դեռ կարողանում պահպանել իր կատարելապես ձախողված կառավարումը»։
Նշենք, որ Զուրաբյանն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար Փաշինյանն իր առաջ ունի երկու իրավական խոչնդոտ։ Մասնավորապես ԱՊՀ ստեղծման մասին 1992 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանը վավերացրել է 10 վերապահումով, որոնցից, մասնավորապես հետևում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը առանց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի տարածքի։
Եվ այն, որ 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։