Ադրբեջանը դարձել է միջազգային իրավունքի չարամիտ կարգազանց. հանդիպում ՀՀ ԱԳՆ–ում
20:12 06.03.2023 (Թարմացված է: 20:39 06.03.2023)
© Photo : official site of MFA of RA Հանդիպում ՀՀ ԱԳՆ–ում
© Photo : official site of MFA of RA
Բաժանորդագրվել
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին է ներկայացվել Ադրբեջանի գործելաոճը` շեշտելով, որ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է միջազգային հստակ մեխանիզմ։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Միայն միջազգային հանրության հասցեական գնահատականներն ու հստակ գործողությունները կարող են օգնել զսպելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և աջակցելու տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման ջանքերին: Այս մասին օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանն ասել է ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` անդրադառնալով մարտի 5–ին Արցախում արձանագրված միջադեպին, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Նշվում է, որ մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի և ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:
Մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
«Վահե Գևորգյանը շեշտել է, որ վերոնշյալ դիվերսիոն հարձակումը, որը հանդիսանում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտում, եղել է նախապես ծրագրավորված Ադրբեջանի կողմից: Մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել ԼՂ իշխանությունների կողմից հրապարակած տեսանյութը, որն ապացուցում է Ադրբեջանի կողմից առաջ քաշված վարկածի անհիմն լինելը: Նա ընդգծել է նաև, որ դիվերսիոն գործողությունն իրականացվել է ոչ ռազմական թիրախի դեմ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը հրավիրվել է այն փաստին, որ արդեն երկու շաբաթից ավել է, ինչ Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կոպտորեն արհամարհվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Ինչ է որոշել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը
2023-ի փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանըորոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժըԼաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանըմիաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
«Այն փաստը, որ այս ահաբեկչական գործողությունը տեղի է ունենում նաև այդ չկատարված վճռի պայմաններում, վկայում է, որ Ադրբեջանը դարձել է միջազգային իրավունքի չարամիտ կարգազանց»,–ասել է Գևորգյանը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը տարբեր առիթներով դիմում է ուժի կիրառման՝ ահաբեկելու և միակողմանի առավելապաշտ լուծումներ պարտադրելու նպատակով, և որ նման կրկնվող միջադեպերը վկայում են, որ միայն միջազգային հստակ մեխանիզմի գոյության և ներգրավվածության պայմաններում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսությունը կարող է հաջողվել:
Հիշեցնենք` մարտի 1-ին, ժամը 11։00-ին, խաղաղապահ զորախմբի շտաբում՝ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, անց է կացվել արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպում։ Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցել է ձևավորված համանման աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովի գլխավորությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում էր կայացել նաև փետրվարի 24-ին։
Մարտի մեկին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ 4 հարց է քննարկվել`
1.
Արցախ բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը2.
Արցախի էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով ՀՀ-ից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման և «Արցախէներգո»-ի մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը։3.
Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը։4.
Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացման հարցը։