Հայաստանի և Թուրքիայի երկրաշարժերը. արդյոք համեմատությունը տեղին է
© Sputnik / Zara MikaԳարնանային Երևան
Գարնանային Երևան. Արխիվային լուսանկար
© Sputnik / Zara Mika
Բաժանորդագրվել
Սեյսմակայունության ապահովումը հատկապես արդիական է դարձել Թուրքիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժի աղետալի հետևանքների ֆոնին։ Sputnik Արմենիայի նյութում ընթերցեք՝ ինչպիսին է իրավիճակը Հայաստանում և որքան սեյսմակայուն են անձրևից հետո սնկերի պես աճող նորակառույցները։
2023 թվականի փետրվարի 6-ի երկրաշարժը Թուրքիայում 21-րդ դարի ամենաուժեղ երկրաշարժն էր։ Իսկ 20-րդ դարի ամենաավերիչը ճանաչվել է Սպիտակի երկրաշարժը (1988թ.)։ Թեև երկրները հարևանությամբ են գտնվում, երկու աղետները հրահրվել են տարբեր երկրաբանական գործընթացներով:
Թուրքական երկրաշարժի պատճառ են դարձել տեկտոնական տեղաշարժերը Անատոլիայի խզվածքում, իսկ Սպիտակի երկրաշարժինը՝ Գառնիի խզվածքում։ Այնուամենայնիվ, երկու աղետների միջև ընդհանուր բաներ կան:
ՆԳՆ փրկարար ծառայությանը կից Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը Շանթ TV-ի եթերում մատնանշեց այն փաստը, որ Սպիտակի երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.0 մագնիտուդ (երկրաշարժի ուժգնությունը երկրի մակերեսին 9-10 բալ էր):
Թուրքիայում երկրաշարժի ուժգնությունը 7,4-ից 7,8 մագնիտուդ էր (10 բալ), ինչը շատ մոտ է ավելի քան 34 տարի առաջ Հայաստանում եղած երկրաշարժի ցուցանիշներին: Մոտավորապես համընկնում է նաև էպիկենտրոնի խորությունը՝ 7-10 կմ Թուրքիայում և 5-10 կմ՝ Սպիտակում։
Սպիտակի երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, 140 հազարը վիրավորվեց, հարյուր հազարավոր քաղաքացիներ անօթևան մնացին։ Այս տխուր վիճակագրության մեջ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետ նմանություններ են նկատվում։ Փետրվարի 18-ի դրությամբ զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը, վիրավորվել է ավելի քան 100 հազարը։
Նազարեթյանի խոսքով՝ զոհերի թվի վրա մեծ ազդեցություն ունեն հետցնցումները։ Իսկ դրանք թուրքական երկրաշարժի ժամանակ եղել են ավելի քան 300-ը, ընդ որում էպիկենտրոններից մեկը գտնվել է թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից ընդամենը 67 կմ հեռավորության վրա։ Իսկ Սիրիայում ավերածություններն ուժով չէին զիջում թուրքականին։ Պաշտոնական տվյալներով՝ Սիրիայում զոհվածների թիվը 8,5 հազար է։
© SputnikԵրկրաշարժի հետևանքները Սիրիայում
Երկրաշարժի հետևանքները Սիրիայում
© Sputnik
Փորձագետը նշում է, որ սովորաբար առաջին իսկ ցնցումներից հետո լայնածավալ ավերածություններ չեն լինում։ Դրանք սկսվում են հետցնցումներից հետո։ Փրկվում են նրանք, ովքեր առաջին իսկ ցնցումից հետո հասնում են դուրս գալ շենքից։ Նա համոզված է, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրիում կարող էր լինել ոչ թե 17 հազար, այլ 1-2 հազար զոհ, եթե հետցնցումները չլինեին։
Ի դեպ, հենց հետցնցումների հետ են կապված Սպիտակի և Թուրքիայի երկրաշարժերի միջև եղած տարբերությունները։ Բանն այն է, որ առաջին հետցնցումները սովորաբար լինումեն հիմնական ցնցումներից հետո 20 րոպեի ընթացքում: Այդպես էլ տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի ժամանակ. մի շարք հետցնցումներ տեղի ունեցան արդեն առաջին 35 վայրկյաններին։ Իսկ ահա Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը խախտել է այդ օրինաչափությունը՝ ուժեղ հետցնցումներն այնտեղ սկսվել են առաջին երկրաշարժից գրեթե 9 ժամ անց։
Փորձագետը նշեց, որ Սպիտակի երկրաշարժի հետցնցումները սեյսմիկ սարքերով գրանցվում են մինչ օրս՝ ավելի քան 34 տարի անց: Նա կարծում է, որ թուրքական երկրաշարժից հետո ցնցումները ակտիվորեն կկրկնվեն առնվազն 2 տարի։ Դրան կհաջորդի հարաբերական անդորրը, սակայն պետք է զգոն լինել, քանի որ ցնցումները կկրկնվեն, զգուշացնում է Նազարեթյանը։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պյոտր Շեբալինը նշել է, որ Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժն ավելի ուժեղ է եղել, քան Սպիտակինը:
Ապագայի համար դասեր են քաղվել
Թուրքիայի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը։ Փլուզված շենքերի շարքում կան բազմաթիվ նորակառույցներ, որոնք կառուցվել են 1-2 տարի առաջ։ Թուրքիայի իշխանությունը 150 օրդեր է ձևակերպել ճարտարապետների ու կապալառուների ձերբակալման համար, որոնց պատճառով փլուզվել են սեյսմակայունության ապահովման պահանջների խախտմամբ կառուցված շենքերը:
© AFP 2024Երկրաշարժի հետևանքները Թուրքիայում
Երկրաշարժի հետևանքները Թուրքիայում
© AFP 2024
Հայաստանում 1988 թվականին երկրաշարժի հետևանքով լուրջ ավերածությունները նույնպես կապված էին շինարարության ժամանակ սեյսմիկ վտանգի թերագնահատման հետ։ Խորհրդային տարիներին կառուցված շենքերի սեյսմակայունության ներկայիս նորմատիվներին անհամապատասխանության խնդիրը դեռ արդիական է։ Կառավարության փետրվարի 8-ի նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ նման շենքերը պետք է 10 տարվա ընթացքում փոխարինել նոր շենքերով, որոնք կհամապատասխանեն սեյսմիկ անվտանգության ժամանակակից նորմերին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը նշեց, որ սեյսմոլոգները կազմել են Հայաստանի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի քարտեզը. յուրաքանչյուր բնակավայրի դիմաց նշված է, թե քանի բալ սեյսմակայունությամբ պետք է կառուցվեն տեղի շենք–շինությունները։ Շինարարներին մնում է միայն նայել նորմատիվներին և ըստ ցուցակի ճշտել, թե քանի միավորի հաշվարկով պետք է իրականացվի շինարարությունը։
Անդրադառնալով խորհրդային ժամանակաշրջանում կառուցված շենքերի սեյսմակայունության խնդրին` Պետրոսյանն ընդգծեց, որ դրանց շահագործման ժամկետներն անցել են, թեև դրանք կանգուն են ու ոչ բոլորն են վթարային։
«Առհասարակ գոյություն ունի վթարայնության չորս աստիճան։ Բոլոր շենքերը չեն, որ համարվում են, օրինակ, երրորդ կամ չորրորդ աստիճանի վթարային շինություններ։ Եթե ամբողջ շենքը չորրորդ կարգի վթարային է, ապա ենթակա է ապամոնտաժման` տեղում նորը կառուցելու պայմանով։ Նման շենքեր կային, օրինակ, մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասում, որտեղ դրանք ապամոնտաժվել են, իսկ բնակիչները՝ վերաբնակեցվել։ Այսօր կան նաև այնպիսի շենքեր, որոնց տարբեր մուտքերն ունեն վթարայնության տարբեր աստիճաններ։ Նման դեպքերում շենքերը պետք է պարտադիր ամրակայվեն»,– նշեց մեր զրուցակիցը։
Պետրոսյանի դիտարկմամբ` յուրաքանչյուր շենք ունի իր յուրահատկությունը։ Թվում է, թե նման են իրար, բայց իրականում կառուցված են երկրաբանական տարբեր հիմքերի վրա։ Ըստ այդմ` յուրաքանչյուր շենք պետք է ունենա իր անձնագիրը, որում պետք է նշվեն թերություններն ու վթարայնության աստիճանը, եթե այդպիսիք կան։ Պետրոսյանն ասաց, որ շենքերի քանակը շատ է, իսկ մասնագետներինը՝ խիստ սահմանափակ, բայց նույնիսկ նման պայմաններում պարբերաբար իրականացվում են շենքերի սեյսմակայունության ստուգման աշխատանքներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ այժմ գոյություն ունեցող շենքերի և շինությունների 60%-ը սեյսմաանվտանգության տեսակետից համարվում է խոցելի, և դրանք կարող են վտանգ ներկայացնել ուժեղ երկրաշարժերի դեպքում։ Ըստ փորձագիտական գնահատականների` Հայաստանում կա վնասվածության 4-րդ աստիճանի 90 շենք, վնասվածության 3-րդ աստիճանի՝ 524 շենք։
Երևանում երկրաշարժի դեպքում ծանր հետևանքներն անխուսափելի են
Հայաստանը 1988 թվականի երկրաշարժից հետո փոփոխել է սեյսմիկ նորմատիվների պահանջները` 7 բալից դարձնելով 9–ը, այնուամենայնիվ կան անբարեխիղճ կառուցապատողներ, որոնք վտանգի տակ են դնում բնակչության կյանքը։
«Էլիտ Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Մկոյանի խոսքով` ծերացող բնակֆոնդի խնդիրն այսօր շատ արդիական է Հայաստանում, քանի որ շինությունների մեծ մասը չի համապատասխանում այսօրվա սեյսմիկ նորմատիվներին։
«1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքը միգուցե այդքան աղետալի չլիներ, եթե շենքերը նախատեսված լինեին ոչ թե 7, այլ 9 բալի համար։ Միայն թե Խորհրդային Միության ժամանակ Հայաստանում սեյսմիկ գոտին ավելի ցածր ռիսկայնության էր համարվում։ Սպիտակի երկրաշարժից հետո սեյսմիկ նորմատիվները բարձրացվեցին»,- ասաց Մկոյանը։
Նա ընդգծեց, որ շատ կարևոր է նաև մարդկային գործոնը, թե բնակիչներն ինչպես են վերաբերվում իրենց շենքերին։ Շատ հաճախ մարդիկ խախտում են շենքի ընդհանուր կառուցվածքը` փոփոխություններ կատարելով առանց համապատասխան թույլտվության։
Մկոյանը նշեց, որ շենքի կառուցվածքում ցանկացած փոփոխություն կատարելիս անպայման պետք է դիմել մասնագետների, որոնք կորոշեն ՝ կարելի է արդյոք քանդել այս կամ այն պատը։
«El Holding» ընկերության հիմնադիր Ավետիս Խախամյան էլ իր հերթին նշեց, որ կան անբարեխիղճ կառուցապատողներ, որոնք փորձում են խուսափել պետության սահմանած նորմատիվներից և շատ մեծ շահույթ են ստանում դրանից։
«Օրեր առաջ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ տեսանք` ինչպես փլուզվեցին նորակառույց շենքերը։ Այսինքն` կարելի է հասկանալ, թե այնտեղ որքան անբարեխիղճ են եղել կառուցապատողները։ Այսօր Հայաստանում նմանատիպ պատկեր է»,–ասաց Խախամյանը։
Նրա խոսքով` երբ վթարային շենքի կողքին նոր շենք են կառուցում, այն արդեն իսկ վտանգի տակ է հայտնվում։ Կամ երբ 11–հարկանի շենքը տարիներ հետո դառնում է 16-18–հարկանի, պետությունը նույն ինժեներին, կառուցապատողին պետք է հարցնի, թե արդյոք շինթույլտվություն ունեցել են 18–հարկանի շենքի համար։
«Զարմանում եմ նաև այն բնակիչների վրա, որոնք թույլ են տալիս, որ իրենց շենքի վերևում շենք գոյանա...Իրավիճակը խորքային հասկանալու համար բավական է վերևից նայել Երևանին։ Պետք չէ զարմանալ, եթե հնարավոր երկրաշարժի դեպքում մենք ունենանք ավելի շատ մարդկային զոհեր»,–ասաց նա։
Բացի այդ, մարդիկ չեն տիրապետում երկրաշարժերի ժամանակ վարքագծի կանոններին։ Խնդիրը ոչ միայն պետական վերահսկողության անբավարարությունն ու կառուցապատողների անազնվությունն է, այլև բնակչության թերի տեղեկացվածությունը։
Բնակիչները պետք է համապատասխան գիտելիքներ ունենան ու անհրաժեշտության դեպքում խուճապի չմատնվեն։ Եթե շենքը համապատասխանում է սեյսմիկ նորմատիվներին, ապա երբեմն շենքի բարձր հարկերում գտնվելու դեպքում մարդը շատ ավելի անվտանգ է, քան շենքից դուրս, որտեղ կարող են ամեն վայրկյան շենքեր փլուզվել։
Իսկ թե ինչպես իմանալ` որ կառուցապատողից բնակարան ձեռք բերել, մասնագետների խոսքով, շատ պարզ է, բավական է գոնե մեկ անգամ այցելել շինհրապարակ, տեսնել աշխատակիցներին, նրանց համազգեստը կամ արդեն նորակառույց շենքի երեսպատմանը ուշադրություն դարձնել։ Եթե 1-2 տարի անց նորակառույցի երեսպատման սալիկները թափվում են, ապա կարելի է արդեն ենթադրել, թե ինչքանով է բարեխիղճ եղել կառուցապատողը։
Վերջին ժամանակներս աշխարհում լայն տարածում են գտել բջջային հավելվածները, որոնք նախազգուշացնում են գաջեթների տերերին երկրի ցանկացած կետում երկրաշարժերի մասին։ Թուրքիայում դրանք ոմանց օգնել են։
Այժմ Հայաստանում գործում են նմանատիպ հավելվածներ, որոնցից մեկը` LastQuake-ը, թարգմանվել է նաև հայերեն, որպեսզի հասանելի լինի հասարակության լայն շերտերին։
Մնում է հուսալ, որ քաղաքական գործիչների հայտարարություններից, գիտաժողովներում գիտնականների զեկույցներից և երկրաբանության ու ճարտարապետության ոլորտում փորձագետների հարցազրույցներից երկիրը վերջապես կանցնի գործնական քայլերի (վտանգավոր նորակառույցների իրական ապամոնտաժում, տարերային աղետների ժամանակ գոյատևման դասընթացներ և այլն)՝ իր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգությունն ապահովելու համար։