Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Մոսկվայի առաջնահերթ խնդիրներից է. ՌԴ ԱԳՆ
14:20 30.01.2023 (Թարմացված է: 14:25 30.01.2023)
© Photo : official site of the Prime Minister of RAՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի
Բաժանորդագրվել
Մոսկվայում կարծում են, որ գործընթացի հաջողությունը կախված է եռակողմ պայմանավորվածությունների հստակ իրագործումից։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի առաջնահերթ խնդիրների թվում է։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարարությունը` պատասխանելով ԶԼՄ–ների հարցերին։
Մեկնաբանության մեջ նշվում է, որ Ռուսաստանը անդրկովկասյան հանրապետությունների հետ կապված է ընդհանուր պատմությամբ, հոգևոր-մշակութային մտերմությամբ, ժողովուրդների ամուր բարեկամությամբ։ Ռուսաստանը, որն անմիջականորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգռված է այդ տարածաշրջանի կայունությամբ և բարգավաճմամբ, տրանսպորտային-լոգիստիկ, առևտրաներդրումային, տեխնոլոգիական հնարավորությունների փոխշահավետ օգտագործմամբ և բացահայտմամբ։ Հենց դրան են ուղղված ռուսական դիվանագիտության ջանքերը։
«Մենք ինտենսիվ աշխատում ենք տարածաշրջանում կուտակված կոնֆլիկտային ներուժի հաղթահարման ուղղությամբ։ Այս առումով առաջնային խնդիրներից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։ Հիմք են հանդիսանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները: Համոզված ենք, որ գործընթացի հաջողությունն ամբողջությամբ կախված է այդ եռակողմ պայմանավորվածությունների հստակ իրագործումից», - նշվում է հաղորդագրության մեջ:
Մոսկվան ավելի լայն առումով հավատարիմ է գործող և ձևավորվող բազմակողմ բանակցային ձևաչափերին։ Ռուսաստանը պատրաստ է շարունակել կառուցողական փոխգործակցությունը Անդրկովկասում անվտանգության և կայունության շուրջ Ժնևյան միջազգային քննարկումների շրջանակում, որոնք ապահովում են Վրաստանի ուղիղ իրավահավասար երկխոսությունը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ։
Ռուսաստանի նպատակն է առաջ մղել 2021 թվականի դեկտեմբերին գործարկված «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Իրան և Թուրքիա) աշխատանքը։ ՌԴ ԱԳՆ-ում այս հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ համագործակցության ամրապնդման գործնական հարցերի վրա՝ ի շահ տարածաշրջանային խաղացողների, համարում են օգտակար և ժամանակին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։