Պատգամավորներն Էրիկ Ալեքսանյանին ազատելու երաշխավորություն են ներկայացրել
15:27 22.11.2022 (Թարմացված է: 15:33 22.11.2022)
© Sputnik / Aram NersesyanԷրիկ Ալեքսանյան
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Նույն գործով անցնում է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազին փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն է ներկայացվել։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Զորայր Հարությունյանը։
«Էրիկ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումն անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադևոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը»,–գրել է Հարությունյանը։
Նա հավելել է, որ լրացուցիչ կտեղեկացնի գործի ընթացքի և կայացվելիք որոշման վերաբերյալ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 19–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարեց Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու` ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Նույն գործով անցնում է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նույնպես նույն օրը կալանավորվեց։
Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրան աջակցելու համար: