Նեղ արեք, տեղ արեք. ո՞ւր են առաջարկում գնալ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին
12:34 18.11.2022 (Թարմացված է: 13:05 18.11.2022)
© Sputnik / Aram NersesyanՀնագիտության և ազգագրության ինստիտուտ
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Պետգույքի կոմիտեն առաջարկում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտը տեղափոխել նոր հասցե, որում մեկ այլ ինստիտուտ է գտնվում։ Հնագետներն ու ազգագրագետները չեն ցանկանում գնալ, ֆիզիկոսներն էլ ասում են՝ տեղ չունենք։ Sputnik Արմենիան գնացել է կոմիտեի առաջարկի հետքերով։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik, Մարիաննա Փայտյան. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում արդեն մի քանի օր է` անհանգստացած են: ԳԱԱ-ի միջոցով «անակնկալ» նամակ են ստացել Պետական գույքի կառավարման կոմիտեից, ըստ որի` առաջարկվում է ինստիտուտը տեղափոխել նոր հասցե: 1974 թ. ի վեր ինստիտուտը գտնվում է Չարենցի 15 հասցեում. առաջարկվում է տեղափոխվել Ներսիսյան 25 հասցեում գտնվող շենք, փոխարենը Չարենցի 15 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել Հաշվեքննիչ պալատին: Մինչ այս պահը ինստիտուտի գիտաշխատողներին չի հաջողվել որևէ խելամիտ հիմնավորում ստանալ` ինչո՞ւ: Փոխարենը իրենք են հիմնավորում` ինչու են կտրականապես դեմ տեղափոխմանը:
«Ինստիտուտի հաջողության գրավականը ոչ միայն լավ գիտնականներն են, այլև տարածքը, ենթակառուցվածքները, որոնք 50 տարիների ընթացքում են ստեղծվել՝ հարմարեցվելով բազմապրոֆիլ աշխատանքի պահանջներին: Թեպետ շենքային բուն պայմանները բավարար չեն, բայց այստեղ տարիների ընթացքում ստեղծել ենք համապատասխան միջավայր՝ լաբորատորիաներ, պահեստներ և այլն: Տեղափոխումը պարզապես կաթվածահար է անելու մեր աշխատանքը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը:
© Sputnik / Aram NersesyanԱրսեն Բոբոխյան
Արսեն Բոբոխյան
© Sputnik / Aram Nersesyan
Ինստիտուտի բազմաթիվ ծրագրեր իրականացվում են միջազգային կապերի շնորհիվ, և արդեն երկար տասնամյակներ միջազգային գործընկերների համար ինստիտուտի հասցեն Չարենցի 15-ն է: Գիտաշխատողների մեծ մասը դասախոսում է տարբեր համալսարաններում, հետազոտական աշխատանքներ կատարում թանգարաններում, Մատենադարանում և այլն: Բոլոր այս կառույցները քաղաքի կենտրոնում են, այսինքն` ինստիտուտի քաղաքի սրտում լինելը նաև մոբիլության հարց է:
© Sputnik / Aram NersesyanԻնստիտուտի պահոցը
Ինստիտուտի պահոցը
© Sputnik / Aram Nersesyan
«Իրենք հղում են անում ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 6.7 կետով սահմանված դրույթներին` պետական գույքի արդյունավետ օգտագործման և ներդրումներ ապահովելու վերաբերյալ: Մենք ոչ մի հակասություն չենք տեսնում այդ դրույթների հետ. ինստիտուտը գերարդյունավետ է աշխատում, ներդրումներ բերող միակ հումանիտար ինստիտուտն է, իրականացնում է Եվրամիության և այլ միջազգային բազմամիլիոնանոց ծրագրեր, տարեկան մոտ 3 տասնյակ միավոր պեղումներ է նախաձեռնում, կեսից ավելին` միջազգային ֆինանսավորմամբ»,- ընդգծեց ինստիտուտի տնօրենը։
Ի վերջո, Հնագիտության և ազգագրության ինստիտուտն արդեն կես դար է` այս շենքում է, նշանակում է` աշխատակիցները նաև էմոցիոնալ ամուր կապվածություն ունեն տարածքի հետ:
© Sputnik / Aram NersesyanՀնագիտության և ազգագրության ինստիտուտի լաբորատորիաներից մեկը
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի լաբորատորիաներից մեկը
© Sputnik / Aram Nersesyan
«Եթե ուզում են բարելավել մեր պայմանները, ապա կարող են շենքին պատկանող տարածքն օգտագործել այդ նպատակով. այնտեղ ինստիտուտի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ավելացնելու հնարավորություններ կան: Փոխարենը օգնեն, որ առաջ գնանք դեպի 2050-ականներ, մեզ հետ են տանում 1980-ականներ», - ասում է Արսեն Բոբոխյանը, որը գործընկերների հետ արդեն հասցրել է այցելել Ներսիսյան 25 հասցե` հասկանալու, թե ուր են իրենց առաջարկում տեղափոխվել:
© Sputnik / Aram NersesyanԱրսեն Բոբոխյանը ցույց է տալիս հարակից տարածքը
Արսեն Բոբոխյանը ցույց է տալիս հարակից տարածքը
© Sputnik / Aram Nersesyan
Նրա խոսքով` եթե անգամ մի կողմ դնեն մնացած բոլոր հարցերը, այդ շենքն ինստիտուտին հարմարեցնելու համար միլիոնավոր դոլարների ներդրումներ են պետք։ Ո՞վ ու ե՞րբ է անելու այդ ներդրումները։ Այս ամենից բացի, պարզվում է` Ներսիսյան 25 հասցեն ազատ չէ, այդտեղ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտն է, որոնց համար ևս Պետգույքի կոմիտեի առաջարկն անհասկանալի և անընդունելի է:
© Sputnik / Aram NersesyanՖիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
© Sputnik / Aram Nersesyan
«Մեզ չեն առաջարկում այս շենքից տեղափոխվել, մեզ առաջարկում են տեղ հատկացնել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համար: Խոսքը ոչ թե մի քանի աշխատակցի համար 1-2 սենյակ հատկացնելու մասին է, այլ մի ամբողջ ինստիտուտի, ինչն անհնար է», - Sputnik Արմենիային ասաց ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Քոչարյանը:
© Sputnik / Aram NersesyanՎահան Քոչարյան
Վահան Քոչարյան
© Sputnik / Aram Nersesyan
Իր խոսքերը հիմնավորելու համար նա մեզ ուղեկցեց ինստիտուտի տարբեր լաբորատորիաներ, արտադրամասեր և այլն՝ ցույց տալու համար, որ, ըստ էության, այս մեծ շենքի ամբողջ տարածքը զբաղված է, ինստիտուտը մոտ 200 աշխատակից ունի։ Դրամաշնորհներ են շահել, ուստի նաև նոր լաբորատորիաներ են ստեղծվելու։ Այս տարիների ընթացքում նաև սեփական խնայված միջոցներով վերանորոգման որոշակի աշխատանքներ են իրականացրել։
© Sputnik / Aram NersesyanՖիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
© Sputnik / Aram Nersesyan
Շենքային պայմանները կատարյալ կամ բարեկարգ լինելուց հեռու են, բայց ինչպես Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, այստեղ ևս եղած հնարավորությունները փորձել են առավելագույնս հարմարեցնել գիտությանը ծառայելու համար։ Ըստ Քոչարյանի` Պետական գույքի կառավարման կոմիտեից այցելել են ինստիտուտ, մշտադիտարկում են արել, տեսել են, որ լաբորատորիաներում աշխատում են, արձանագրել են, որ շենքային պայմանները բարեկարգ չեն, բայց ազատ տարածքների վերաբերյալ խոսք ու զրույց չի եղել։
© Sputnik / Aram NersesyanՖիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
© Sputnik / Aram Nersesyan
Թե՛ Հնագիտության և ազգագրության, թե՛ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտն իրենց անհամաձայնությունն արդեն գրավոր փոխանցել են վերադաս մարմնին՝ Գիտությունների ազգային ակադեմիա։ Հուսով են՝ իրենց հիմնավորումները հաշվի կառնվեն. ի վերջո, խոսքը գիտության մասին է։
Պետական գույքի կառավարման կոմիտեի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն այլ հասցե տեղափոխելու վերաբերյալ որոշում կամ հրաման չկա, կա որոշման նախագիծ, որն առաջարկության տեսքով ուղարկվել է պետական մարմիններին:
Իսկ ինչո՞ւ է առհասարակ դիտարկվում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տեղափոխման հարցը։ Որքանով մամուլի խոսնակն է տեղյակ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայիս զբաղեցրած շենքը փոքր է ինստիտուտի համար, սա կարող է պատճառներից մեկը լինել։
«Պետական գույքի կառավարման կոմիտեն որևէ մեկին շենքից չի հանում այլ նպատակներով։ Այժմ պետական բազմաթիվ հաստատություններ զբաղեցնում են մասնավորից վարձակալած տարածքներ։ Օրինակ` Հաշվեքննիչ պալատը տարեկան մոտավորապես 40 մլն դրամի վարձակալության գումար է տալիս Վարդանանց փողոցում իր զբաղեցրած տարածքի համար։ Կարծում եմ՝ այդ գումարի խնայողությունը բխում է բոլորիս շահերից։ Մեր մոտեցումն այն է, որ խիստ պետք է սահմանափակվի պետական հաստատությունների՝ վարձակալությամբ տարածք զբաղեցնելը»,- ընդգծեց Ասատրյանը։
Թե ինչու այս համատեքստում չի դիտարկվում, օրինակ, նույն Հաշվեքննիչ պալատը որևէ այլ պետական շենք տեղափոխելը, այլ առաջարկվում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտին տեղափոխվել, Ասատրյանը նշեց՝ մանրամասներին չի տիրապետում, Պետգույքի կոմիտեն որևէ հավելյալ մեկնաբանության իմաստ չի տեսնում, որովհետև այս ամբողջ աղմուկը զուտ առաջարկության շուրջ է։