Փաշինյանն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են միջազգային դիտորդական առաքելության այցը ՀՀ
14:48 28.09.2022 (Թարմացված է: 14:54 28.09.2022)
© Photo : official site of the Prime Minister of RAՀՀ վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ միջազգային դիտորդական առաքելության գործուղումը սահմանային գոտի, կօգնի միջազգային հանրությունն ուղիղ տեղեկություններ ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Այժմ ապրում ենք աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներ, ուստի անհրաժեշտ է երկկողմ սերտ և արդյունավետ փոխհարաբերությունների պահպանումը։ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
© Photo : official site of the Prime Minister of RAՖրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ կառավարությունում
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ կառավարությունում
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով գտնվել է Ֆրանսիայում, ինչը երկկողմ առանձնահատուկ հարաբերությունների վկայությունն է:
«Փոխայցելությունների դինամիկան կնպաստի հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը, իսկ միջխորհրդարանական սերտ շփումները էական նշանակություն են ունենում կառավարությունների միջև համագործակցության վրա»,- ասել է վարչապետը:
Ժիլբեր-Լյուկ Դըվինազը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը և նշել, որ այցի շրջանակում մանրամասն տեղեկատվություն են ստացել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերաբերյալ:
«Ուշադրությամբ հետևել ենք Ֆրանսիայի նախագահի և Հայաստանի վարչապետի՝ սեպտեմբերի 26-ի հայտարարություններին և կարևորել, որ ֆրանսիական կողմը հասցեական նշել է ագրեսիան կիրառած կողմին»,- նշել է նա:
Վարչապետն անդրադարձել է Էմանուել Մակրոնի հետ քննարկումներին և շեշտել Ֆրանսիայի առանցքային դերը՝ Հայաստանի նկատմամբ կիրառված ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի, ինչը կօգնի, որպեսզի միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա: