Խորը մտահոգված ենք ՀՀ տարածքի հրետակոծության մասին լուրերից. Պետդեպի խոսնակ
12:14 15.09.2022 (Թարմացված է: 12:17 15.09.2022)
© AP Photo / Alex BrandonԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը. Արխիվային լուսանկար
© AP Photo / Alex Brandon
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հստակ հասկացրել է, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է խորը մտահոգություն առաջացնել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` պատասխանելով Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի առաջխաղացման և ՀՀ–ում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակի մասին հարցին։
«Մենք խորապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայով։ Արդեն երկրորդ օրն է, ինչ չդադարող հարձակումներ ենք նկատում: Առանձնապես մտահոգիչ են Հայաստանի տարածքում խաղաղ բնակիչների շրջանում վիրավորում ստացածների մասին լուրերը», - ասել է Փրայսը:
Նա հիշեցրել է, որ ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
«Նա մեր խորը մտահոգությունն է հայտնել սահմանին սկսված ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքի հրետակոծման մասին ստացվող տեղեկատվության առնչությամբ։ Նա նախագահ Ալիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, զինված ուժերը դուրս բերել սահմանից, որոնք կարող են վտանգել խաղաղ բնակիչների կյանքը»,- ասել է Փրայսը։
Փրայսն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները թե՛ էսկալացիայի նոր փուլի համատեքստում, թե՛ դրանից առաջ, բոլոր մակարդակներում երկու առաջնորդներին հասկացրել է, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։
«Եվ մենք երկու կողմերին կոչ արեցինք զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից և ներգրավվել երկխոսության և դիվանագիտության մեջ», - ասել է Փրայսը:
Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը դեռ գտնվում է Բաքվում, որտեղ նախօրեին հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևին։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Կարեն Դոնֆրիդն իր հերթին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Մենք վճռական ենք անել ամեն ինչ՝ ապահովելու համար Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագան», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15–ի ժամը 11–ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: