Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանը
15:25 31.08.2022 (Թարմացված է: 15:27 31.08.2022)
© Photo : Screenshot / Youtube / Shoghakat TVԱրկադի Բաղդասարյան
Արկադի Բաղդասարյան
© Photo : Screenshot / Youtube / Shoghakat TV
Բաժանորդագրվել
Արկադի Բաղդասարյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանը (Արկո): Տեղեկությունը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։
Հայաստանի նկարիչների միությունը ցավակցություն է հայտնում նկարչի ընտանիքին և հարազատներին:
Նրա հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով:
Արկադի Բաղդասարյանը ծնվել է 1945թ. օգոստոսի 25-ին Բաքվում: 1965թ.-ին ավարտել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանը, 1971թ.-ին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1974-82թթ դասավանդել է նույն ինստիտուտում: Նկարչի հայտնի գործերից են «Ինֆուզորիա» (1974թ.), «Կոմպոզիցիա» (1988թ.), «Նոկտյուրն Ա», «Նոկտյուրն Բ» (երկուսն էլ` 1994թ.), «Խաչելություն» (2000թ.), «Հայաստան», «Քրիստոս», «Հրեշտակ» (երեքն էլ` 2001թ.) ստեղծագործությունները: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում (1975թ., 1976թ., 1977թ., 2000թ.), Գերմանիայում (Մարբուրգ, 1988թ., Ֆոլդա, 1989թ., Քյոլն, 1991թ., Կասել, 1997թ.), Մոսկվայում (1989թ.), Փարիզում (1997թ.), Ստեփանակերտում (2001թ.): 1976թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 2003թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2015թ.` ժողովրդական նկարչի կոչման: