Երևանի փողոցներում ռոբոտ-առաքիչ կհայտնվի. ինչպե՞ս է այն աշխատելու
21:42 21.08.2022 (Թարմացված է: 10:41 22.08.2022)
© Sputnik / Karine HarutyunyanՀայկ Քոսյանը ցույց է տալիս ռոբոտ-առաքիչի լուսանկարը
Հայկ Քոսյանը ցույց է տալիս ռոբոտ-առաքիչի լուսանկարը
© Sputnik / Karine Harutyunyan
Բաժանորդագրվել
Երևանյան փողոցներում որպես առաքիչ մեկ ռոբոտ կաշխատի, քանի որ փողոցները հարմարեցված չեն։ Իսկ այլ երկրներում «աշխատող» հայկական ռոբոտներին կղեկավարեն Հայաստանից։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik, Կարինե Հարությունյան. Հաջորդ տարի Երևանի փողոցներում կտեսնենք ռոբոտ-առաքիչի, որը կարող է առաքել ոչ միայն սնունդ, այլ նաև բանկային քարտեր, հագուստ և այլ իրեր։ «ՌոբոԴել» ընկերության հիմնադիրները 2 տարի առաջ որոշել են ստեղծել ռոբոտ-առաքիչ, որի աշխատանքները նախատեսում են ավարտել մինչ այս տարեվերջ։
«Մեր ընկերության համահիմնադիրներից Արտակ Մելոյանը 2020-ին ԱՄՆ-ում սնունդ էր պատվիրել և 2 կմ տարածություն անցնելու համար նշվել էր, որ ռոբոտ–առաքիչը 2.5 ժամ հետո պատվերը կբերի։ Դրանից հետո որոշվեց ստեղծել ռոբոտ-առաքիչ, որն ավելի կարճ ժամանակում պատվերները տեղ կհասցնի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ընկերության համահիմնադիր Հայկ Քոսյանը։
Տղաները ստարտափը գրանցել են 2021-ին և այժմ 17 հոգանոց թիմով աշխատում են դրա վրա։ Թիմի անդամների աշխարհագրությունը մեծ է` Հնդկաստան, Կորեա, Նորվեգիա, ԱՄՆ. այստեղ կան տեխնիկական գիտությունների թեկնածուներ, NASA-ի մարսագնացի ինժեներ։ Քոսյանն ասում է, որ 3 դրամաշնորհ են շահել, որի միջոցով պետք է հավաքեն առաջին ռոբոտը, իսկ իրենց թիմում բոլորն անվճար են աշխատում` իրենց հետաքրքրել է նախագիծը։ Թիմը նման բազմազգ ձևաչափ ունի Հայաստանում մասնագետների պակասի պատճառով։ Քոսյանի խոսքով` ՀՀ-ում կամավոր աշխատանք անողների պակաս էլ կա։
© Photo : provided by Hayk KosyanՌոբոտ-առաքիչը
Ռոբոտ-առաքիչը
© Photo : provided by Hayk Kosyan
«Ստարտափը Հայաստանում ասոցացվում է ձևավորված կազմակերպությունների հետ։ Մարդիկ մտածում են` եթե ստարտափ է, ուրեմն մեջը լիքը փող կա, և շատերը չեն ուզում անվճար աշխատել գաղափարի վրա, ժամանակ ծախսել։ Ամեն դեպքում, մենք գտանք մարդկանց և հիմա ռոբոտի նախատիպի արտադրման փուլում ենք. արտադրական պրոցեսն ընթանում է Հայաստանում, սակայն տեխնոլոգիական արտադրողական հնարավորությունները թույլ են, այսինքն` որոշ մետաղների պակաս կա այստեղ»,- ասաց Քոսյանը։
Ռոբոտ-առաքիչը բաղկացած է լինելու 12 սենսորներից, 8 տարբեր տեսախցիկներից. այն ղեկավարելու է օպերատորը։ Քոսյանն ասում է, որ ամբողջությամբ ինքնավար ռոբոտներ գոյություն չունեն, քանի որ նախ՝ տեխնոլոգիան չի հասել այդ մակարդակին, բացի այդ, ոչ մի երկրում չի թույլատրվում, որ խաչմերուկներում ռոբոտն ինքնուրույն կողմնորոշվի։ Չնայած դրան, ռոբոտն ինքնավար լինելու բոլոր ալգորիթմները կունենա, քանի որ կապը, օրինակ, կարող է կտրվել։ Հենց այս պատճառով էլ թիմը խնդիր է դրել իր առջև, որ ռոբոտը պետք է 90 տոկոս ինքնավարություն ունենա։
Քոսյանն ասում է, որ Հայաստանում ռոբոտի գործունեությունից շահույթ ստանալ չեն ակնկալում, և իրենց նպատակը դրսի շուկաներն են. սկզբի համար՝ ԱՄՆ-ն, հետո արդեն՝ Եվրոպան։ Հարցն այն է, որ առաջին հերթին մեր միջավայրը հարմարեցված չէ. այնտեղ, որտեղ հնարավոր չէ հասնել մանկասայլակով կամ անվասայլակով, չի հասնի նաև ռոբոտը։ Իսկ Երևանում, ըստ Քոսյանի, նման տարածքը 80 տոկոս է կազմում, և միայն փոքր կենտրոնը` Մաշտոցի պողոտայից մինչև Խանջյան, օղակում են մայթերը հարմարեցված։ Ռոբոտը հիմնականում մայթերով է տեղաշարժվելու, իսկ եթե երթևեկությունը թեթև լինի, հնարավոր է նաև մայթեզրով շարժվի։
«Երևանում չենք պատրաստվում առաքման ցանց ստեղծել` կունենանք մեկ ռոբոտ, քանի որ ոչ միայն միջավայրը հարմարեցված չէ, այլև եկամտաբեր չի լինի, իսկ դրսի դեպքում հակառակն է` առաքումները 6-7 դոլար են, բայց մենք 3-4 դոլարով ենք ռոբոտի միջոցով առաքում առաջարկելու։ Մեր արտադրությունը Հայաստանում ենք շարունակելու, օպերատորն էլ այստեղից է կառավարելու այլ երկրներում աշխատող ռոբոտներին»,- ասում է Քոսյանը` հավելելով, որ եթե տարիներ հետո բարենպաստ պայմաններ լինեն, կուզեն հենց Հայաստանում գործունեություն ծավալել։
Ռոբոտը գործելու է նույն ձևով, ինչ սովորական պատվերների դեպքում` պատվերը ստանալուց հետո օպերատորին են փոխանցելու հասցեն, որն էլ ռոբոտին է «տալու» այն։ Սննդի օբյեկտի աշխատակցին կտրամադրվի կոդ, որը հավաքելով կկարողանան կափարիչը բացել և սնունդը տեղադրել այնտեղ։ Դրանից հետո, բացի պատվիրատուից, ոչ ոք չի կարող այն բացել, քանի որ պատվիրատուին է փոխանցվելու կոդը։ Ռոբոտը նաև հեռախոսային SMS է ուղարկելու պատվիրատուին, որ արդեն հասնում է նախատեսված վայր։
© Sputnik / Karine HarutyunyanՀայկ Քոսյանը
Հայկ Քոսյանը
© Sputnik / Karine Harutyunyan
Քոսյանն ասում է, որ արդեն պայմանավորվածություններ ունեն հայկական որոշ ընկերությունների հետ, որ ռոբոտի պատրաստ լինելուն պես պետք է սկսեն համագործակցել։ Նրա խոսքով` կա կարծրատիպ, որ Հայաստանում ռոբոտին «կսպանեն», կքանդեն, սակայն փորձը ցույց է տալիս, որ մեզ մոտ մարդկանց վերաբերմունքն ուրիշի գույքի նկատմամբ ավելի լավ վիճակում է։ Օրինակ` ԱՄՆ-ում յուրաքանչյուր 4-րդ առաքիչը խոստովանել է, որ պատվերից ինչ-որ բան է «թռցնում»։ Իսկ երբ Քոսյանը Հայաստանում պատվիրատուներից հետաքրքրվել է, թե երբևէ կասկածե՞լ են, որ առաքիչը կարող է պատվերի վրայից որևէ բան վերցնել, որևէ մեկը դրական պատասխան չի տվել։
Քոսյանը հավելում է` միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2030 թվականին աշխարհում առաքումների 80 տոկոսը արվելու է ռոբոտների միջոցով։