«Մեզ մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր». Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
09:25 28.05.2022 (Թարմացված է: 10:29 28.05.2022)
© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը շեշտում է` խաղաղությունը պիտի դառնա այն միջավայրը, որի պայմաններում մենք Առաջին հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ` նշելով, որ այս օրը մեզ համար կարևոր է երեք պատճառով։
«Առաջինը՝ որովհետև մենք ավելի քան 500 տարվա ընդմիջումից հետո ունեցանք պետականություն: Երկրորդ պատճառն այն է, որ առաջին անգամ ունեցանք Հանրապետություն, այսինքն՝ մի պետական կարգ, որտեղ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կատարած ընտրության արդյունքում: Երրորդ պատճառն այն է, որ Հանրապետությունը, պետությունը, որը ցանկացած ժողովրդի կազմակերպման բարձրագույն ինստիտուտ է, մենք կարողացանք ստեղծել հուսահատության պահին, երբ հայոց ցեղասպանության մահաբեր անիվը շարունակվում էր պտտվել»,– նշել է Փաշինյանը:
Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ թվում էր վերջ՝ այլևս հնարավոր չէ ոչ միայն ունենալ պետականություն, այլև պահպանել ինքնությունը, լեզուն և մշակույթը:
«Սակայն մերժողովուրդը կարողացավ օրհասական պահին գործել որպես մեկ բռունցք՝ ուժերի համախմբմամբ, միասնականությամբ կերտել Առաջին հանրապետությունը: Այդ գործում անուրանալի է Արամ Մանուկյանի, Թովմաս Նազարբեկյանի, Մովսես Սիլիկյանի, Դրոյի, Նժդեհի, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյանների, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղայի, զենքը ձեռքին կռվող հոգևորականների դերը: Մեր այս մեծերի և հազարավոր ուրիշ հայրենակիցների ջանքերով ձեռք բերված սրբազան անկախությունն ընդամենը երկուսուկես տարի անց կորսվեց։ Սրան նախորդեցին պատերազմը, տարածքային ու մարդկային ողբերգական կորուստներ»,– ասված է ուղերձում։
Փաշինյանը նշում է` սա տեղի ունեցավ այն պատճառով, որ երկու տարվա ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետությունը չկարողացավ, չհասցրեց քաղաքական, միջազգային, տարածաշրջանային ինստիտուցիոնալ դիմակայություն ձեռք բերել, իր շուրջ խաղաղություն հաստատել։
«Այսօր էլ մեր երկիրը կանգնած է նմանատիպ մարտահրավերների առաջ, ու մեզ մտքի բացառիկ ճկունություն, երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր այդ մարտահրավերները հաղթահարելու համար: Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը ժամանակ էլ չունեցան նորածին պետությունը գլոբալ մարտահրավերների առաջ դիմակայուն դարձնելու համար: Երրորդ հանրապետությունում մենք ցավալիորեն շատ ժամանակ ենք վատնել: Բայց Սարդարապատի հերոսները, Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը մեզ ոգեշնչում են շարունակաբար: Ու պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մաս է այլևս: Պետությունը, պետականությունը պիտի մեր ամենօրյա աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնա, և խաղաղությունը պիտի դառնա այն միջավայրը, որի պայմաններում մենք Առաջին հանրապետության հիմնադիր հայրերից ստացած պետականությունը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին»,– եզրափակում է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք` Հանրապետության օրվա առաջին տոնակատարություններն անցկացվեցին Արցախյան շարժման սկզբում։ Առաջին հանրապետության 70-ամյակին՝ 1988 թվականին, Մատենադարանի դիմաց առաջին անգամ բարձրացվեց Հայաստանի դրոշը։ Հանրապետության հրապարակում անցկացվեց նոր կազմավորված զինվորականների զորահանդեսը, որը ղեկավարում էր գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։