Գյումրիում նոր սահմանափակումներ կգործեն գերեզմանային «ճոխությունները» բացառելու համար
08:49 22.03.2022 (Թարմացված է: 08:53 22.03.2022)
© Sputnik / Karen YepremyanԳերեզմանատուն, արխիվային լուսանկար
![Գերեզմանատուն, արխիվային լուսանկար Գերեզմանատուն, արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022](https://cdn.am.sputniknews.ru/img/840/50/8405006_0:0:1920:1080_1920x0_80_0_0_1425c79a494da28a7977cea12847afa3.jpg)
Գերեզմանատուն, արխիվային լուսանկար
© Sputnik / Karen Yepremyan
Բաժանորդագրվել
«Շիրակ» գերեզմանատունը վաղուց դուրս է եկել իր սահմաններից ու «մտել» հարևան բնակավայրի արոտավայրեր: Այս տարածքում տարիներ շարունակ անօրինական թաղումներ են արձանագրվել:
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու գերեզմանատներում անօրինական հողազավթումներն ու գերեզմանային «ճոխությունները» բացառելու համար այսուհետ կգործեն նոր սահմանափակումներ՝ անվճար հատկացումներ նոր չափորոշիչներով:
Գյումրու երեք գերեզմանատների զբաղեցրած ընդհանուր տարածքը մոտ 84 հեկտար է։ Վերջին տվյալներով՝ առաջին, երկրորդ և «Շիրակ» գերեզմանատներում հուղարկավորումները մոտ 68 հազարի են հասնում։ Երեք գերեզմանատներում ազատ տարածքներ վաղուց չկան, հուղարկավորություններ են կատարվում սահմաններից դուրս։ Եթե առաջին ու երկրորդ գերեզմանատները այսպես կոչված «կիսաբաց» են համարվում ՝ միայն արդեն եղած ընտանեկան գերեզմաններում հուղարկավորության հնարավորությամբ, «Շիրակը» միակ գերեզմանատունն է, որտեղ նոր հողհատակացումներ են թույլատրվում: Բայց «Շիրակն» էլ վաղուց արդեն իր սահմաններից դուրս է եկել ու մտել հարևան արոտավայրեր: Այս տարածքում տարիներ շարունակ անօրինական թաղումներ են արձանագրվել:
Հարցը լուծելու նպատակով Ախուրյան խոշորացված համայնքը, որի կազմում գտնվում է Շիրակ բնակավայրը, ավագանու որոշմամբ, աճուրդային վաճառքով 8,7 հեկտար տարածք է տրամադրել Գյումրու քաղաքապետարանին, դրան զուգահեռ Գյումրին Ախուրյանից աճուրդային կարգով գնել է նաև ապօրինի զավթած 4,2 հեկտար տարածքը, որտեղ հուղարկավորություններ են կատարվել։
«Տարիներ շարունակ Գյումրին այդ խնդիրն ունեցել է: Հիմնական հուղարկավորություններն արվել են «Շիրակ» գերեզմանատանը, որտեղ կատարվել են հողազավթումներ հարևան համայնքից: Հիմա այս օրինական հողհատկացման շնորհիվ կունենանք նորմալ անցուղիներով, բարեկարգված ճանապարհներով գերեզմանատուն: Անկանոն հուղարկավորություններն արգելելու համար տարածքները կհատկացվեն ըստ նախագծումների»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն Էդվարդ Բաղրամյանը։
Նրա խոսքով` հողհատկացումները կանոնակարգելու համար նոր տարածքում հուղարկավորությունների համար կտրամադրվեն կոնկրետ սահմանված հողակտորներ։ Եթե նախկինում եղել են դեպքեր, երբ ընտանեկան գերեզմանը զբաղեցրել է ավելի քան 15 քմ տարածք, հիմա ընտանեկան գերեզմանի համար առավելագույնը կտրվի 12,5 քմ տարածք։
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն Էդվարդ Բաղրամյան
![«Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն Էդվարդ Բաղրամյանը «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն Էդվարդ Բաղրամյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.03.2022](https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/15/40001330_0:0:1000:750_1920x0_80_0_0_5a708795aeb8d8e8ba3a6bbb2f26c4e5.jpg)
«Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն Էդվարդ Բաղրամյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Նախատեսվում է յուրաքանչյուր անձի համար 2,5 քմ տարածք տրամադրել, և տարածքը ընտանեկան գերեզմանի դեպքում չի կարող գերազանցել 12,5 քմ-ը, այսինքն՝ ընտանեկան գերեզմանները նախատեսված են 5 հոգուց ոչ շատ մարդկանց համար»,– նշեց Բաղրամյանը։
«Հավերժ հիշատակ» ընկերությունն այս տարի նախատեսում է նաև գերեզմանոցների վկայագրում կատարել Գյումրիում, գործընթացը կսկսվի ապրիլից։ Փոփոխություններ են կատարվել նաև սգո սրահների վայրերի հատկացման հարցում: Դրանցից երկուսի աշխատանքն արդեն քաղաքապետարանի որոշմամբ դադարեցվել է։ Երկուսն էլ պահանջված չափորոշիչներին չեն համապատասխանել և գտնվում են քաղաքի բանուկ հատվածներում։