Ուկրաինան հրաժարվում է բանակցել Բելառուսում. Զելենսկին նախընտրում է Թուրքիան
11:41 27.02.2022 (Թարմացված է: 12:19 27.02.2022)
© REUTERS / UMIT BEKTASՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լեհաստանի և Լիտվայի նախագահների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (23 փոտրվարի, 2022թ)․ Կիև
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լեհաստանի և Լիտվայի նախագահների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (23 փոտրվարի, 2022թ)․ Կիև. Արխիվային լուսանկար
© REUTERS / UMIT BEKTAS
Բաժանորդագրվել
Ուկրաինայի նախագահը բացատրել է, թե ինչու չի ուզում բանակցել Բելառուսի տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Բելառուսում բանակցել ռուսական կողմի հետ։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Զելենսկին ասել է, որ բանակցային հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, բայց ոչ Մինսկը` ոչ Բելառուսի տարածքը։
Ուկրաինական ԶԼՄ–ների փոխանցմամբ` Զելենսկին այս առաջարկն արել է ուղերձով դիմելով բելառուս ժողովրդին։
«Ձեր տարածքից Ռուսաստանի Դաշնության զորքերը հրթիռներ են արձակում Ուկրաինա։ Մեր երեխաները սպանվում են ձեր տարածքից, մեր տները քանդվում են, փորձում են պայթեցնել այն ամենը, ինչ կառուցվել է տասնամյակների ընթացքում»,– ասել է նա։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Բելառուսի Գոմել քաղաքը` որպես բանակցային տարածք, ընտրել է ոչ թե բելառուս ժողովուրդը, այլ Ռուսաստանի ղեկավարությունը։
«Եթե ձեր տարածքից ագրեսիվ գործողություններ չլինեին, մենք կարող էինք խոսել Մինսկում։ Ձեր քաղաքում: Երբ դուք չեզոք էիք, Մինսկում խոսեցինք,– ասել է նա,– դրա համար մենք հիմա ասում ենք՝ ոչ Մինսկ։ Հանդիպման վայրը կարող է լինել այլ քաղաք: Իհարկե, մենք խաղաղություն ենք ուզում»։
Զելենսկին համոզմունք է հայտնել, որ միայն այս դեպքում բանակցությունները կարող են ազնիվ լինել ու իսկապես վերջ տալ պատերազմին։
Նշենք, որ Զելենսկին իր այս հայտարարությամբ պատասխանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, ով ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս ու Գոմելում պատրաստ սպասում է բանակցությունները սկսելուն։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: