Օգոստոսի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ արտգործնախարար նշանակվեց ԱԺ նախկին խոսնակ Արարատ Միրզոյանը։ Այս նշանակմամբ նորանշանակ կառավարության կազմն ամբողջացավ։
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է ՀՀ նոր կառավարության անդամներին։
Նոր կառավարությունում հինգ նոր նախարար կա, որոնք եկել են իրենց պաշտոններին այլ գերատեսչություններից կամ այլ ոլորտներից։
Այսպես` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսուհետ լինելու է փոխվարչապետ։ Նրա նախկին պաշտոնը կզբաղեցնի Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կպահպանի իր պաշտոնը։ Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի ղեկավարել շրջակա միջավայրի, Անահիտ Ավանեսյանը` առողջապահության, Անդրանիկ Փիլոյանը` արտակարգ իրավիճակների, Վահրամ Դումանյանը` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Վահան Քերոբյանը` էկոնոմիկայի նախարարությունները։
Պաշտպանության նախարար է նշանակվել մինչ այդ առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արշակ Կարապետյանը, Նարեկ Մկրտչյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալից դարձել է նախարարության ղեկավար։ Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ֆինանսների նախարար։
Խորհրդանշական նվեր. ՌԴ պաշտպանության նախարարը դաշույն է փոխանցել Արշակ Կարապետյանին
Կառավարությունում նորեկներ էլ կան. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը նշանակվել է արդարադատության նախարար, իսկ Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։