ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Գեղարքունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանի վիճակը բավարար է, նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արմանի հայրը` Գուրգեն Աթասյանը:
«Արդեն հիվանդասենյակ են տեղափոխել տղայիս, ևս մեկ վիրահատություն կանեն աղիների հետ կապված, արդեն կամաց-կամաց կազդուրվում է»,-ասել է հայրը:
Նրա խոսքով`Արմանը կազդուրվելուց և հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կզորացրվի:
Նշենք, որ Արմանը մեկ անգամ ևս վիրահատվել էր, հեռացրել են նրա երիկամներից մեկը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը։