ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Անհեթեթ ու ոչ պրոֆեսիոնալ որոշում է, որին արվեստին մոտ մարդկանցից ոչ մեկը կողմ չէ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի առջև տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ այս կարծիքն արտահայտեց Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Լուսինե Մանուկյանը` անդրադառնալով նախարարության աղմկահարույց որոշմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախարարությունը ծրագրում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն ու Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել, իսկ վերջինիս շենքը տրամադրել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։
«Ո՛չ պարոն Դումանյանը, ո՛չ Արա Խզմալյանը (ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն ու փոխնախարարը. խմբ.) մեր թատրոն չեն եկել, չեն տեսել մեր խաղացանկը, մեր ներկայացումները։ Պետք է հանգիստ թողնել ստեղծագործող մարդուն։ Եթե նրանք կարևորեին արվեստ, արվեստագետին, նրանք թատրոն չէին փակի», – ասաց Մանուկյանը լրագրողների հետ զրույցում։
Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը, որը նույնպես հավաքվածների հետ դժգոհում է նախարարության որոշումից, նախարարությանը հորդորեց զբաղվել իր ներսի միավորումներով։
«Եթե ինձ ասեն` Կարո ջան, գնա շենք փնտրի...». Կամերայինի շուրջ աղմուկը չի դադարում
«Եթե ֆինանսական խնդիրներ են լուծում թատրոնների միավորումով, ուրեմն իրենց առաջարկում եմ` թող իրենք միանան գյուղնախարարությանը, առհասարակ թող բոլոր նախարարությունները միացնեն իրար։ Իրանց գործը ի՞նչ ա, կներեք, կաբինետներում նստել ու որոշումներ կայացնել; Թող իրար կողք շարեն կաբինետները, նախարարները իրար կողք որոշումներ կայացնեն», – վրդովված ասաց Ստեփանյանը։
Նրա խոսքով` այս որոշմամբ երաժշտական ոլորտի խնդիրը փաթաթում են թատերական ոլորտի վզին, ինչը չի կարող ճիշտ ելք լինել։
«Մեզ համար այս որոշումը անսպասելի էր, մեծ հարված էր։ Կարծում եմ` հետո կերևա, թե ով է շահագրգռված այս որոշման մեջ», – ասաց ռեժիսորը։
Հիշեցնենք` ԿԳՄՍՆ–ն հուլիսի 13-ին էր հայտնել, որ թատրոնները միավորելու որոշման նախագիծ է մշակվում։ Որոշումն ընդունվելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։ Որոշման շահառու կազմող երեք կողմն էլ դեմ են արտահայտվել նախարարության որոշմանը. երկու թատրոնների ներկայացուցիչները նշում են, որ չի կարելի խառնել տարբեր թատրոնների մթնոլորտները և արդյունքում գործազուրկ դարձնել շատ մարդկանց, իսկ նվագախմբում էլ նշել են, որ չեն ուզում «ուրիշի հաշվին» տարածք ունենալ։
Թատրոնների միացման գործընթացը կիրականացվի միայն կառավարության որոշումից հետո: