ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը, պատգամավոր դառնալով, արդեն իսկ ձեռք է բերել անձեռնմխելիության նոր կարգավիճակ, սակայն այս պահի դրությամբ այդ անձեռնմխելիությունը դեռ հաղթահարված չէ, հետևաբար պետք է նոր ընթացակարգով այն հաղթահարվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։
«Բայց շատ կասկածում եմ, որ մեր վարույթ իրականացնող մարմինը կամ դատախազությունը կգնան այդ քայլին, որովհետև արդեն իսկ «հարմար» իրավիճակ ունեն իրենց համար, հասցրել են կալանավորել Արթուր Սարգսյանին։ Կալանավորման փաստի առթիվ առաջին ատյանի դատարանում արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը, ըստ որի` մենք ծանրակշիռ փաստարկներ ունեինք, որ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ուղղակի չէր կարող կիրառվել, նույնիսկ առանց ծանոթանալու այդ դատական ակտին, առավել ևս, որ դրան ծանոթանալուց հետո առանձնահատուկ նոր բան չհայտնաբերեցի»,– նշեց փաստաբանը։
Խաչատրյանի գնահատմամբ` Արթուր Սարգսյանի կալանավորման որոշումը լղոզված էր, կամայական մեկնաբանություններով հարուստ, որոնք չեն բխում ձեռք բերված փաստական տվյալներից։ Խաչատրյանը հայտնեց, որ պատրաստվում է իր վստահորդի հետ վաղը հանդիպել մեկուսարանում, հասկանալ նրա դիրքորոշումը և հետո անհրաժեշտության դեպքում մեկնաբանություն տալ ստեղծված նոր իրավիճակի մասին։
Փաստաբանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իր պաշտպանյալը ձեռք է բերել նոր կարգավիճակ, ինչը ենթադրում է, որ պետք է անհապաղ ազատ արձակվի, որովհետև նախկինում պատգամավորության թեկնածու էր, իսկ հիմա արդեն պատգամավոր է, հետևաբար նոր իրադրությունը պետք է արժանանա նոր գնահատականի։ Ըստ նրա` խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու լիազորությամբ օժտված են նաև դատախազն ու նրա վերադասը։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սարգսյանի դեմ հարուցված քրգործի դեպքն առնչվում է 2016թ. դեկտեմբերին Սիսիանի «էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի» շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացմանը: Քննության տվյալներով՝ գնման մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն։ Ընկերության հետ 2016թ. դեկտեմբերի 27-ին կնքվել է աշխատանքների կատարման գնման պայմանագիրը, իսկ վերջինս էլ նույն օրը ենթակապալի պայմանագիր է կնքել համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊ ընկերության հետ։ Այսպիսով, Սիսիան համայնքին պատճառվել է 3 631 050 դրամի գույքային վնաս:
Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։
Նշենք, որ Էմին Խաչատրյանն ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը։