ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Հայկ Մարտիրոսյանը թայ-բրեյքում 1,5-0,5 հաշվով հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին և նվաճեց աշխարհի գավաթի 4-րդ շրջանի ուղեգիր:
Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Երրորդ փուլի արդյունքներով Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի էր խաղացել Մամեդյարովի հետ։ Հաղթողին որոշելու համար կարիք էր զգացվել լրացուցիչ մրցախաղերի։
Հիշեցնենք, որ երկրորդ փուլում Հայկ Մարտիրոսյանը մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի արդյունքով հաղթել էր Թուրքիայի ուժեղագույն գրոսմայստեր Յլմազ Մուստաֆային և նվաճել 3-րդ շրջանի ուղեգիր:
Հավելենք, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է մասնակցել գավաթի խաղարկությանը՝ առողջական խնդիրների պատճառով։ Պայքարը լքել են նաև Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը:
Սոչիում ընթացող մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։ Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։