ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Արարատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:
Ըստ կայքի՝ նա ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից:
Այս պահին նրան տեղափոխում են Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք՝ ՊՆ-ն քիչ առաջ հայտնեց, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։ Իրադրությունը ժամը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ։
Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:
Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։