ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իշխանությունների ներսում այս օրերին թեժ քննարկվում է այն հարցը, թե խորհրդարանական որ հանձնաժողովները պետք է բաժին հասնեն ընդդիմադիր խմբակցություններին:
Պարբերականը նշում է, որ Դոնթի բանաձևով՝ երկու հանձնաժողով պետք է բաժին հասնի «Հայաստան» դաշինքին:
«Իշխանությունների համար առանձնակի կարևորություն են ներկայացնում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Այս հանձնաժողովներից ոչ մեկը նրանք չեն պատրաստվում զիջել ընդդիմությանը, սակայն դրանցից մեկը պետք է տան «Հայաստան» դաշինքին: Մեր տեղեկություններով, թեժ քննարկումներ են, թե ինչ և ինչպես անել»,–գրում է օրաթերթը:
Նշվում է, որ իշխանությունը հակված է զիջել կրթության, մարդու իրավունքների, ինչպես նաև ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովները, միայն թե այն չորս հանձնաժողովները ղեկավարի իշխանությունը:
«Եթե այդ չորս հանձնաժողովները մնան իշխանական խմբակցությանը, ապա պաշտպանության հարցերի հանձնաժողովը կնախագահի Անդրանիկ Քոչարյանը, արտաքինը՝ Վլադիմիր Վարդանյանը, տնտեսականը՝ Բաբկեն Թունյանը, իսկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի համար դեռ թեկնածու են փնտրում»,–գրում է օրաթերթը:
Հիշեցնենք, որ յոթերորդ գումարման ԱԺ–ում 11 հանձնաժողովից 3–ը ղեկավարել է ընդդիմությունը`մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը`ԼՀԿ–ն, իսկ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը` ԲՀԿ–ն։