ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում որոշ մանրամասներ է հայտնել անցած գիշեր Ստամբուլի հայկական «Սուրբ Թագավոր» եկեղեցում կատարված դեպքի վերաբերյալ։
Նշվում է, որ եկեղեցամերձ փոքրիկ հրապարակում հավաքված մարդիկ երաժշտության տակ զվարճանալիս ու պարելիս են եղել, երբ նրանցից 3-ը բարձրացել են եկեղեցու արտաքին մուտքի պատին վրա ու սկսել այնտեղ պարել։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել։
Պոլսո պատրիարքական փոխանորդ, «Սուրբ Թագավոր» եկեղեցու երեց Տեր Գրիգոր քահանա Տամատյանն անմիջապես հենց կեսգիշերին կապ է հաստատել պատրիարքի հետ` տեղեկացնելով կատարվածի մասին։
Այդ ընթացքում եկեղեցու գիշերային պահակը նախ պահանջել է ցած իջնել, բայց նրանք չեն ենթարկվել, որից հետո պահակն ահազանգել է ոստիկանություն։ Պահակը հայտնել է, որ երբ ոստիկանությունը հասել է դեպքի վայր, բոլորն արդեն հեռացած են եղել։
Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը ցավ է հայտնել կատարվածի վերաբերյալ և կապ հաստատել պատկան մարմինների հետ` խնդրելով հետամուտ լինել դեպքի բացահայտմանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, Ստամբուլում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատի վրա հարբած պարելու համար մի խումբ անձինք արդեն բերման են ենթարկվել: Այս մասին հայտնել էր ՌԻԱ Նովոստին` նշելով, որ Ստամբուլի քաղաքապետարանն ու Էրդողանի կուսակցությունը դատապարտել են նրանց գործողությունները:
Հայկական եկեղեցու նկատմամբ անհարգալից դրսևորմանն է անդրադարձել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը, որը գրառում է արել Twitter-ում` դատապարտելով կատարողներին ու թույլ տվողներին։
Ինչպես վանեցի հայը գրավեց Սան Ֆրանցիսկոն
Փայլանը պահանջել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն սկսի դեպքի վայրում ներկա գտնված և անգործության մատնված ոստիկանների դեմ։
Նշենք, որ «Սուրբ Թագավոր» եկեղեցին Թուրքիայում գործող եզակի հայկական եկեղեցիներից է։ Այն թվագրվում է 1858թ–ով։
Կեսարիայի Սբ. Թորոս հայկական եկեղեցին` գանձագողերի թիրախում. 2 մետրանոց փոս են փորել