ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Եվրո -2020-ի չեմպիոնը Իտալիայի հավաքականն է։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրո- 2020-ի եզրափակիչում Իտալիայի հավաքականը հաղթեց Անգլիայի ընտրանուն։ Ֆուտբոլային Իտալիայի հերոսի անուն Ջանլուիջի Դոնարում է։ Իտալիայի հավաքականի դարպասապահը 11 մետրանոց հարվածաշարում հետ մղեց 3 հարված և ապահովեց իր թիմի հաղթանակը։
Շատ մասնագետների կարծիքով եզրափակիչում ֆավորիտը համարվում էր Անգլիայի հավաքականը։ Դժվար չէ ասել, թե ինչու։ Նախ խաղն անցնելու էր «Ուեմբլի» մարզադաշտում, որտեղ հիմնականում անգլիացի երկրպագուներ էին լինելու և, բացի այդ, Անգլիայի հավաքականը մինչ օրս Եվրոպայի չեմպիոնի կոչումը չէր նվաճել ու պատմական արդյունք ապահովելու համար խաղալու էր անսահման մոտիվացված։
Եվ խաղի սկիզբը պարզապես շատ խոստումնալից էր անգլիացիների համար։ Արդեն երկրորդ րոպեին Լյուկ Շոուի խփած գնդակը շոկի մեջ գցեց իտալացիներին,որոնք երկար ժամանակ չէին կարողանում ոչինչ անել բաց թողած գոլից հետո։
Անգլիայի ընտրանին գործում էր վստահ՝ ցուցադրելով խաղային բարձր կարգապահություն։ Իսկ «սկուադրա աձուրան», մոտենալով մրցակցի տուգանային հրապարակին, չէր կարողանում գրոհի շարունակություն գտնել։ Երկրորդ կեսի մեկնարկից մոտ տասը րոպե անց անգլիացիները կարծես թե զիջեցին գնդակի նկատմամբ հսկողությունը մրցակցին՝ մտածելով արագ հակագրոհների մասին։ Եվ Իտալիան օգտվեց իրեն ընձեռված հնարավորությունից։
Հարոյանն արդեն ժամանել է Իսպանիա. իսպանական ակումբը «Բարի գալուստ» է մաղթել նրան
Նախ Կյեզան էր մոտ հաջողությանը, բայց հրաշալի խաղաց դարպասապահ Պիկֆորդը։ Իսկ հետո ոչ ոք չէր կարող խանգարել Լեոնարդո Բոնուչիին, որը հավասարեցրեց հաշիվը։
Եվ Եվրոպայի չեմպիոնին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլային պահեր ունեցան, բայց հաշիվը փոխել կողմերից ոչ մեկին չհաջողվեց։ Չեմպիոնը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարում։
11 մետրանոց հարվածաշարի ընթացքում 2 թիմերի դարպասապահներն էլ փայլեցին՝ հետ մղելով երկուական հարվածները։ Իսկ ահա Մարկուս Ռեշֆորդի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ինչն էլ ապահովեց «կապույտ» թիմի հաղթանակը եզրափակիչում։
Իտալիան Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։