ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մտադրություն չունի մնալ քաղաքականության մեջ և օրենսդիր կամ գործադիր մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նա իր մտերիմ շրջապատում է ասել այդ մասին:
«Տեղեկացանք, որ նա նախընտրում է տեղափոխվել մասնավոր ոլորտ և այդ մասին արդեն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, թե չի ցանկանում ո՛չ գործադիրում, ո՛չ էլ օրենսդիրում որևէ պաշտոն զբաղեցնել»,–գրում է թերթը:
Ավինյանն իր մտերիմ մարդկանցից մեկին՝ Վարագ Սիսեռյանին, մասնավոր ոլորտ է տեղափոխել, բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվում. նույն այդ մասնավոր ոլորտ է ցանկանում տեղափոխվելնաև ինքը, այդ պատճառով էլ իր մտերիմ անձին տեղափոխել է այնտեղ:
Խոսքը կապի ծառայություն մատուցող ընկերություններից մեկն է, որտեղ Ավինյանն իրեն տեսնում է ղեկավարի պաշտոնում, և նշանակվելուց հետո իր կողքին կհավաքի իր թիմակիցներին, որոնց հետ աշխատել է կառավարությունում:
Հիշեցնենք, որ Ավինյանը հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկված չէր ՔՊ–ի ցուցակում։
Նա ասել էր, որ նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառների մասին կխոսի ընտրություններից հետո։
Նշենք, որ Տիգրան Ավինյանը փոխվարչապետ է նշանակվել ՀՀ նախագահի 2019 թ. հունվարի 16-ի հրամանագրով։