ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Տարին բավական սակավաջուր է, ինչի պատճառով ոռոգման ջրի լուրջ խնդիր է առաջացել մի շարք գյուղերում։ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում ոռոգման ջուրը գյուղացիները հերթով են ստանում` 3 օրը մեկ։
Տեղի բնակիչներից Վերիխան Մկրտչյանը պատմում է` 2 օր առաջ է ջրել տնամերձը, որտեղ սմբուկ, լոլիկ ու լոբի է ցանել։
«Լոբի դրեցի, բայց քանի որ ջուր չկար, լրիվ դեղնեց ու թափեց. մի հատ լոբի չեմ քաղել։ Ու էսպես մենակ ես չեմ, մյուսների վիճակն էլ նույնն է։ Ջուր չլինելու պատճառով բերքը շարքից դուրս է եկել. վերջը ոնց է լինելու` չգիտենք»,–ասում է նա ու հավելում` նայում է ծարավ հողին ու խիղճը տանջում է։
Տեղի մեկ այլ բնակիչ էլ` Զոհրաբ Կնյազյանը, որը մասնակցել է արցախյան 3 պատերազմներին, ասում է, որ եթե այսպես շարունակվի, ստիպված է լինելու արտագաղթել։ Նա նշում է` ուզում է այստեղ ապրել, սակայն եթե գյուղացու հիմնական գործը վարել–ցանելն է, իսկ ջուր չկա, ընտանիքն ինչպե՞ս է պահելու։ Տղամարդը ցույց է տալիս ամայացած տարածքն ու ասում, որ նախկինում այդտեղ ծառեր շատ են եղել։
«Վախտը վախտով հողի հարկն ու բոլոր հարկերը վճարում ենք, դրան գումարած` էսքան ծախս ենք անում, բա ո՞վ է փոխհատուցելու։ Էս հարցն անձամբ Նիկոլ Փաշինյանը պիտի լուծի` գյուղերը կդատարկվեն»,–ասում է Կնյազյանը։
Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանն էլ հայտնում է, որ գյուղը մի քանի սնող աղբյուրներ ունի` ստորին Հրազդան ջրանցքը, Սև ջուր գետի պոմպակայանը և խորքային հորերը։ Գետը չորացել է, պոմպակայանն էլ, բնականաբար, չի կարողանում ամբողջ հզորությամբ աշխատել։
«Դրա համար էլ հերթափոխով են աշխատեցնում պոմպը` 4 օր գյուղի մի թևին են ջուր տալիս, հետո` մյուսին։ Նախորդ տարիներին գետում բավական ջուր կար և երկու պոմպն էլ աշխատում էին»,–ասում է համայնքի ղեկավարն ու հավելում` գյուղատնտեսական տարին գրեթե ավարտվում է` դժվար թե որևէ լուծում լինի, իսկ լուծում հնարավոր է, եթե ջուրը ճիշտ կառավարվի և խորքային հորեր փորեն։ Ակնալճում, ի դեպ, 470 հեկտար տարածք է մշակվում։
«Չոր կյանքով» Է ապրում նաև Եղեգնուտ համայնքը։ Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մարգարյանը նշում է, որ գյուղում պոմպերով էին ոռոգում իրականացնում, սակայն եղած 10 պոմպն էլ կանգնած են հիմա։
Նրա խոսքով` Արաքսի վարարումների ժամանակ նաև այնտեղից են ջուր ստանում, սակայն այս տարի Արաքսն էլ գյուղացուց «երես թեքեց» ու չվարարեց։
«Սև ջուրը ցամաքել է` ընդհանրապես ջուր չկա։ Շատ մեծ երաշտ է` նման բան չեմ հիշում ես. մի կերպ բանջարեղենն ենք հասցնում ոռոգել։ Ծրագրում էինք 2 խորքային հոր աշխատեցնել այս տարի։ Գործի մեծ մասն արված է` հորը կա, հոսանքը կա, բայց չստացվեց կյանքի կոչել` տեսաք, թե ինչ տարի էր»,–ասում է Մարգարյանը։
Ի դեպ, համայնքում 14 հատ խորքային հոր է աշխատում, 320 հեկտար կաթիլային ոռոգման են անցել, սակայն 100 հեկտար էլ չի ոռոգվում` ջուր չկա։
Եղեգնուտի բնակիչներից Գառնիկ Գալստյանը պատմում է, որ այս տարի կան ցանքատարածություններ, որոնք ընդհանրապես չեն մշակվել, քանի որ ոռոգման ջուր չկար։
Նա նշում է` որոշները կաթիլային ոռոգման են անցել, բայց հորերն էլ են ցամաքում։ Գալստյանը նույնպես ցույց է տալիս թիկունքում գտնվող չորային մի տարածք ու ասում` այդտեղ նախկինում լիճ է եղել։ «Այստեղ հիմնականում սմբուկ, լոլիկ, ձմերուկ ու սեխ են ցանում։ Հիմա բերքը մասամբ հասել է, կաթիլայինով ով կարողանում` ջրում է, իսկ մյուսները ոռոգման ջրին են սպասում։ Եթե ջուր չլինի, բերքը փչանալու է»,–ասում է Գալստյանը։
Նրա խոսքով` նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը բավական շատ առավելություններ էր տալիս` զեղչով պարարտանյութ, վառելանյութ, սերմեր էր տրամադրում, իսկ ներկայիս իշխանությունը զրկել է գյուղացուն այդ ամենից։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` առաջիկայում միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի, որը պետք է համակարգի Հայաստանում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման աշխատանքները։
Երաշտի վտանգ կա. ջրամբարներում կուտակված ջուրը կբավականացնի՞ մինչև անձրևներ