ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնը վերաբացվել է։ Տեղեկությունը հրապարակվել է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
«Այսուհետ ուսումնական կենտրոնում ուսանելու հնարավորություն կունենան ոչ միայն Հայաստանի առաջատար շախմատիստները, այլև այն պատանի շախմատատիստներն ու շախմատիստուհիները, ովքեր կցանկանան ստանալ շախմատային գիտելիքներ մեր գերհզոր մարզչական թիմից»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մարզչական թիմում են Հայաստանի վաստակավոր մարզիչ Աշխեն Սանոյանը, Հայաստանի վաստակավոր մարզիչ , ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ Աշոտ Նադանյանը և գրոսմայստեր, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ Արման Փաշիկյանը։
Ընդունելությունն անցկացվում է մրցույթի կարգով։ Դիմում հայտը պետք է առցանց լրացնել։
Հայտերի վերջնաժամկետը լրանալուց հետո մարզիչները կուսումնասիրեն բոլոր հայտերը, և առավել խոստումնալից շախմատիստներն ու շախմատիստուհիները կհրավիրվեն հարցազրույցի ու փորձնական պարապմունքի, որից հետո էլ կընտրվեն կենտրոնի սաները։
Հայտերի վերջնաժամկետը հուլիսի 10-ն է։
«Մեր նպատակը որակյալ և բարձրակարգ շախմատիստներ պատրաստելն է, այդ պատճառով տեղերը խիստ սահմանափակ են։ Պարապմունքները անցկացվելու են փոքր խմբերով»,– նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ։
«Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնը» ֆինանսավորվում է «Վերածնվող միտք» բարեգործական հիմնադրամի կողմից։ Ուսումնական կենտրոնում պարապմունքներն անվճար են։
Հիշեցնենք` 2012-ից գործող դպրոցը բացվել էր Հայաստանի նախագահ ու շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ: 2019 թվականի մարտին հայտնի դարձավ, որ ֆինանսավորման դադարեցման պատճառով կենտրոնը փակվել է։