ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ն վճռորոշ դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման գործընթացում: Շնորհավորելով ԱՄՆ անկախության տոնի կապակցությամբ` իր ուղերձում ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«2020-ի աշնանը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը լուրջ ազդեցություն ունեցավ բնակչության և տարածաշրջանի անվտանգության վրա և չլուծված թողեց այնպիսի առաջնահերթ խնդիրներ, ինչպիսիք են Արցախի վերջնական կարգավիճակը: Այս առումով Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների մտադրությունը՝ աշխուժացնելու իր ջանքերն հակամարտության արդար և համապարփակ լուծման ուղղությամբ»,–ասցած է Ավինյանի ուղերձում:
Նրա խոսքով` դիվանագիտական հարաբերությունների հաստատումից (հունվար 7, 1992 թ.) գրեթե 30 տարի անց ԱՄՆ-ն և Հայաստանը բեղմնավոր համագործակցություն են ծավալում հիմնված ոչ միայն փոխադարձ շահերի, այլև ընդհանուր արժեքների վրա: Ավինյանը նշում է, որ ԱՄՆ ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը Հայաստանի համար կարևոր դեր է խաղացել ավելի լավ պետական ինստիտուտների կերտման, օրենքի գերակայությունն ամրապնդելու և տնտեսական նոր հնարավորություններ ստեղծելու հարցերում: Իր հերթին, Հայաստանն աջակցություն է ցուցաբերել Միացյալ Նահանգների հակաահաբեկչական և խաղաղապահ նախաձեռնություններին:
Փոխվարչապետը վստահեցնում է` ԱՄՆ-ն միշտ կայուն գործընկեր է եղել Հայաստանի համար գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերում:
Հայաստանի նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի կեցավայր. տեսանյութ
Ավինյանը շնորհավորել է նաև ամերիկահայերին, որոնք մշտապես կարևոր դեր են խաղացել երկրների միջև գործընկերության ձևավորման և պահպանման գործում:
«Նրանցից շատերն էթնիկ հայերի հետնորդներ են, որոնք, ականատես լինելով Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության սարսափներին, ապաստան և երկրորդ տուն են գտել Միացյալ Նահանգներում: Այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը ողջունվեց աշխարհի միլիոնավոր հայերի կողմից, որոնց նախնիները նույն ողբերգական ճակատագրին էին արժանացել»,–ասված է Ավինյանի ուղերձում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ ԱՐմեն Սարգսյանը նույնպես շնորհավորական ուղերձ են հղել ԱՄՆ նախագահին երկրի Անկախության տոնի կապակցությամբ։