ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik․ Հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին ոչ ոք չի պարտադրում հեռանալ աշխատանքից կամ զբաղեցրած պաշտոնից, բայց պարտադրում են դուրս գալ այն շենքից, որտեղ արդեն երկար տարիներ է՝ գործում է Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկան։ Հայտնի բժիշկը Facebook-ի իր էջում մեկնաբանել է այն տեղեկությունները, որոնք արդեն 2 օր է՝ պտտվում են համացանցում և ԶԼՄ-ներում։
Նշենք, որ մեծ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ լուրեր շրջանառվեցին, թե հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանին ստիպում են լքել իր հիմնադրած կլինիկան։
Սահակյանը տեսաուղերձ է հղել, որտեղ շեշտում է՝ ինքն աշխատանքից չի հեռացել, նման պահանջ չի էլ դրվել, փոխարենը ԵՊԲՀ ռեկտորի կողմից պահանջ է դրվել «ազատել այն տարածքը, որտեղ նա աշխատում է»։
Ըստ բժիշկ Սահակյանի՝ սա նոր պատմություն չէ. դեռ 2017 թվականին, երբ Արմեն Մուրադյանը նշանակվեց ԵՊԲՀ ռեկտոր, իրեն հորդորել է լքել տարածքը, տեղափոխվել մեկ այլ տարածք, ինչին ինքն ընդդիմացել է։ Սահակյանի խոսքով՝ այս պահանջը բացարձակապես անհիմն է. անձնապես իր, իր անձնական կապերի և բժիշկների շնորհիվ ամբողջ բաժանմունքը հիմնովին վերանորոգվել է։
Նրա խոսքով` պատերազմից հետո էլ՝ հունվարի 8-ին, իրեն է այցելել Արմեն Մուրադյանի ներկայացուցիչը` պահանջելով, որ նա ազատի բաժանմունքը։
Մեկնարկում է «Հերոսների վերականգնողական քաղաքի» շինարարությունը
«Ես զգուշացրել էի, որ մոտ 1000-2000 հիվանդ կա, որոնք որակյալ օգնության կարիք ունեն և բուժվում են մեր կենտրոնում, չեմ կարող ազատել։ Այդ փաստից հետո գործի դրվեց այն, որ պետք է այստեղ վերանորոգել, որից հետո այստեղ նոր միկրովիրաբուժության բաժանմունք ստեղծվի»,- նշում է միկրովիրաբույժը։ Նրա խոսքով՝ ինքն էլ է հոգնել արդեն այս քաշքշուկից և առաջարկել է իր բաժանմունքին համապատասխան տարածք տրամադրել, օրինակ, Միքայելյան հիվանդանոցում, սակայն այնտեղ իրենց ընդամենը 2 սենյակ է տրամադրվում, ինչը ոչ միայն բավական չէ ամբողջ բուժանձնակազմի, այլև ուսումնական պրոցեսն անխաթար իրականացնելու համար։
«Ինձ պարտադրում են հեռանալ այս մասնաշենքից՝ հաշվի առնելով կառավարության որոշումը, իսկ կառավարության որոշումն ընդունվել է առանց այս ստորաբաժանման կարծիքը հաշվի առնելու», - ընդգծում է Արտավազդ Սահակյանը։
Բժիշկ Արտավազդ Սահակյանը նաև շեշտում է՝ սա քաղաքական խնդիր չէ, այլ զուտ աշխատանքային։
Դրանից հետո Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում:
«Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ: Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը Աբովյան 58 հասցեում»,- նշված է գրառման մեջ։
Արմեն Մուրադյանի խոսքով՝ բժիշկ Սահակյանին բազմիցս առաջարկվել է ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը թե՛ Հերացի, և թե՛ Միքայելյան հիվանդանոցներում՝ մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը:
Նշենք, որ ավելի վաղ բարձրացված աղմուկին արձագանքել էր նաև «Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի» տնօրեն Հայկուհի Մինասյանը։
«Վիրավոր զինվորները չեն կարող բուժվել վթարային հատվածներ ունեցող, իրենց անհարմար և ոչ վայել պայմաններում: Այդ իսկ պատճառով օրեր առաջ դիմել եմ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին խնդրանքով՝ ժամանակավոր տեղափոխել Զինվորի Տանը տեղակայված միկրովիրաբուժության ամբիոնը այլ հատված, առկա տարածքը հիմնանորոգելու/վերազինելու և ապա կրկին նույն նշանակությամբ, նույն անձնակազմով գործարկելու խնդրանքով: Այս մասին զրուցել եմ նաև վիրաբույժ Արտավազդ Սահակյանի հետ, առաջարկել եմ ժամանակավոր զբաղեցնել Զինվորի Տան լավագույն կահավորված սենյակները, այդ թվում Լեոնիդ Ազգալդյանի անվան գրադարանի տարածքը»,- նշել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ ինքը նաև պատրաստակամություն է հայտնել՝ վերանորոգվող հատվածը, ձեռքբերվող սարքավորումները և բաժանմունքի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր հարցերը քննարկել և իրականացնել՝ համաձայն բժշկի կարծիքի:
Վիրավոր զինծառայողի ծննդյան օրն են տոնել վերականգնողական կենտրոնում. հուզիչ տեսանյութ