ՀՀ Ճանապարհային ոստիկանությունն այսօր նշում է հիմնադրման 85-ամյակը։ Այս առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
«Ոստիկանների մի քանի սերունդ, որոնք ութ և կես տասնամյակ անվտանգ երթևեկություն են ապահովել մեր հանրապետության ճանապարհներին, բնակավայրերում, մայրաքաղաք Երևանում, իրենց ծառայությունը կատարել են բարեխիղճ ու նվիրումով` նպատակ ունենալով ապահովել երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը»,- նշված է ուղերձում։
Ոստիկապետն ընդգծել է, որ ՃՈ-ն մշտապես գնացել է զարգացման ու կատարալեգործման ճանապարհով։ Մի քանի օրից էլ Երևանի ճանապարհային ոստիկաններին կփոխարինեն պարեկայինները՝ «ապահովելով երթևեկության արդիական աստիճան ու որակ»։
Ճանապարհային ոստիկանության 85-ամյակի առիթով նաև երգ ու տեսահոլովակ է հրապարակվել։
«Ճանապարհը իմ ոստիկանության, ոստիկաններն ենք հասարակության, ինչ էլ լինի՝ պատրաստ ենք ծառայել, որ մեր ազգին պատվով մենք ծառայենք»,- նշվում է երգում։
Տեսահոլովակում ցուցադրվում են ճանապարհային ոստիկանների ամենօրյա ծառայության դրվագներ, երգում են հենց իրենք՝ ոստիկանները։
Նշենք, որ դեռ ԽՍՀՄ տարիներին հուլիսի 3-ը նշվում էր որպես Պետավտոտեսչության օր։
Նորանկախ Հայաստանում Պետավտոտեսչությունը փոխվեց, դարձավ Ճանապարհային ոստիկանություն։
Պարեկային ծառայություն ունենալը հետաձգվում է. ո՛չ շենք կա, ո՛չ մեքենաներ, ո՛չ աշխատողներ