ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:
Հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը, երկարամյա ծառայության բերումով իրավասություն ունենալով ծանոթանալու պետական գաղտնիք կազմող տեղեկություններին, 2020 թվականի նոյեմբերի 19-ին հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ հրապարակել է ՀՀ կառավարության 13.03.1998թ. «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» N173 որոշմամբ նախատեսված պետական գաղտնիք հանդիսացող՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները, զարգացման ծրագրերը բացահայտող, ինչպես նաև զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման, տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող՝ ռազմական բնագավառի հույժ գաղտնի տեղեկություններ:
Նախկին բարձրաստիճան զինվորականը ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց:
ԱԱԾ–ն բացահայտել է ավտոմեքենաների թանկ համարանիշները գողացող հանցավոր խմբի անդամներին
2021 թվականի հունիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հիշեցնենք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պետական գաղտնիքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ հրապարակելու համար, իսկ նույն հոդվածի ծանրացուցիչ մասի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում երեքից յոթ տարի ժամկետով:
Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը Մովսես Հակոբյանն էր։