ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Իշխանության ներսում՝ տարբեր կաբինետներում, թեժ քննարկումներ են ընթանում, թե ընտրություններից հետո ով որ պաշտոնը պետք է զբաղեցնի: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել այդ քննարկումներից։
Ըստ այդ տեղեկությունների՝ իշխանության ներսում քննարկվել է այն հարցը, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պետք է նախապատրաստել Երևանի քաղաքապետի պաշտոնի համար, իսկ նրա տեղում նշանակել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին:
Վերջինս ամեն գնով փորձում է Ավինյանի տեղում հայտնվել ու դրա համար ամեն քայլ անում է Նիկոլ Փաշինյանի մոտ վստահություն ձեռք բերելու համար: ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ղեկավար հնարավոր է` նշանակվի ՀՀ կրթություն, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար, ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը:
«Ի դեպ, ըստ իշխանության ներսում շրջանառվող տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի սրտով քաղաքապետի թեկնածուն Խաչատուր Սուքիասյանն է, որը ևս մեծ ցանկություն ունի այդ պաշտոնը իրենով անել: Այս հարցերը թեժ քննարկվում են իշխանության ներկայացուցիչների շրջանում, բայց, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լուռ է, որևէ մեկին դեռևս որևէ պաշտոն չի խոստացել, որևէ մեկին հստակ բան չի ասել»,–գրում է «Ժողովուրդը»:
Փաշինյանը արտախորհդարանական ուժերի հետ կոնսուլտացիաներ է անում ու թիմի հետ դեռևս հանդիպում չի ունեցել:
Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։
«Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։
Սիմոնյանն ԱԺ-ում կցանկանար տեսնել Խաչատուր Սուքիասյանին, Արամ Սարգսյանին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին