ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ քննարկումները շարունակվում են։ Այս պահին քննարկվում է պաշտոնների հարցը, թե ովքեր պետք է գնան խորհրդարան, ովքեր՝ ոչ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Եվ այժմ քննարկումներ են հատկապես խմբակցության ղեկավարի մասով, քանի որ Լիլիթ Մակունցի ագրեմանը հաստատվել է, և նա ամենաուշը հուլիսի սկզբին կնշանակվի ԱՄՆ֊ում ՀՀ դեսպան։ Եվ, ահա, այս պահին խմբակցության ղեկավարի հավանական թեկնածուն Արփի Դավոյանն է, ում թեկնածությունը մի մասի մոտ դժկամությամբ է ընդունվել, քանի որ նա կոնֆլիկտային անձնավորության համարում ունի, իսկ Լիլիթ Մակունցը ամեն հարցում կլորացնում էր սուր ծայրերը»,–գրում է թերթը:
Թերթի տեղեկություններով` կուսակցությունում մի մասն էլ կարծում է, թե խմբակցությունը պետք է տղամարդ ղեկավարի։ Սակայն Դավոյանի թեկնածությունն ամենահավանականն է։ Չի բացառվում՝ մերժվի Դավոյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։
«Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։