ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Facebook սոցիալական ցանցի անհատական էջով ուղիղ հեռարձակմամբ հայհոյանքներ և բռնության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացրած միջնորդությունը բավարարվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՔԿ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2021թ.հունիսի 9-ին՝ ժամը 01:33-ին, Արթուր Այվազյանը Facebook սոցիալական ցանցի՝ իր անվամբ գրանցված անհատական էջի, ինչպես նաև «Հայոց ազգային բանակ» խմբի միջոցով նշված ցանցի բոլոր օգտատերերին հասանելի կարգավորմամբ ուղիղ հեռարձակում է կազմակերպել, որի ընթացքում անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցած մի շարք դեպքերի՝ մասնավորապես օրեր առաջ ՀՀ և ԱՀ պետական սահմանին հայ զինվորին ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկելու դեպքին՝ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և այն անձանց հասցեին, որոնք 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կքվեարկեն ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ղեկավարած կուսակցության օգտին՝ այս կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների նկատմամբ:
Նշված հեռարձակման ընթացքում Այվազյանը հնչեցրել է նաև նույն անձանց շրջանակի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ, որը, ըստ ՔԿ–ի, զուգորդվել է բացառիկ ցինիզմով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանություն): Նա ձերբակալվել էր հունիսի 21-ին։
Նախաքննությունը շարունակվում է: