ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել է հունիսի 17-ի երեկոյան Արագածոտնի մարզում տեղի ունեցած սարսափելի վթարի տեսանյութը։
Դրանում երևում է, թե ինչպես է վթարի հետևանքով այրվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը վթարի հետևանքով մահացել էր ու այրվել ավտոմեքենայում։
Հիշեցնենք` վթարը տեղի էր ունեցել երեկ` հունիսի 17-ի երեկոյան, ժամը 21:05-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին։ Միմյանց էին բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։
«Մերսեդեսի» վարորդի դին իրավապահներն այրված ավտոմեքենայում հայտնաբերել էին մոխրացած վիճակում։ Իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին բժշկական կենտրոններ։
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Քրեական գործով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տուժող է ճանաչվել, նշանակվել են փորձաքննություններ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: