Այսօր Մոսկվայում Ռուսաստանի և Բելառուսի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Վլադիմիր Մակեյը բանակցություններից հետո ասուլիս են տվել։
Ասուլիսի ժամանակ լրագրողը շփոթել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայրանունը՝ «Սերգեյ Վիկտորովիչի» փոխարեն նրան դիմելով «Սերգեյ Վլադիմիրովիչ»: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նախարարը կատակով ուղղել է լրագրողին` ինքն իր մասին ասելով. «Ախր ինքը Վիկտորովիչ է, բայց ոչինչ»։
Լրագրողը ներողություն է խնդրել, ինչին ի պատասխան Լավրովը շարունակել է կատակել` նշելով, որ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Վլադիմիրովիչ Մակեյին էլ կարելի է ասել «Վլադիմիր Վիկտորովիչ»։
Լրագրողը ժպիտով նկատել է, որ ղեկավարության մեջ շատ Վլադիմիրովիչներ կան:
Երկու նախարարներն էլ ժպիտով են արձագանքել լրագրողի ասածին։