ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բացառում է արտահերթ խորհրդարանական ընտրություններում երկրորդ փուլի հնարավորությունը։ Այս մասին նա ասաց այսօր հրավիրած մամուլի ասուլիսում։
«Ես երկրորդ փուլ չեմ տսնում, ես տեսնում եմ, որ առաջին փուլում ազգային ուժերը և հայ ժողովուրդը հաջողության են հասնելու, ինչպես ասում են` Հայկը հաղթելու է ոսոխ Բելին»,–նշեց Շարմազանովը։
Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ ընդդիմությունն առաջին իսկ փուլում 50+1 ձայն է ստանալու։
«Չեմ ասում` մեկ քաղաքական ուժ. ազգային ընդդիմությունը»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։