ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ժամկետները նշված են 2021-2022 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:
Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդները պետք է փաստաթղթերը ներկայացնեն հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ, վճարովի առկա ուսուցման համար՝ հուլիսի 5-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ:
Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար գործում է հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 8-ը ժամկետը, վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ հուլիսի 5-ից հոկտեմբերի 15-ը։
32 դպրոցում ֆիզիկա և քիմիա չի դասավանդվել մասնագետ չլինելու պատճառով. ԱԺ–ի լուծումը
Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար թղթերը պետք է ներկայացնել հուլիսի 5-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Վճարովի առկա ուսուցմամբ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար ժամկետը հուլիսի 5-ից օգոստոսի 25-ը, վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար՝ հուլիսի 5-ից մինչև նոյեմբերի 30-ը։ Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար պետք է դիմել հուլիսի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:
ԿԳՄՍ-ն զգուշացնում է, որ, հաշվի առնելով կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը, սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել:
Վանաձորի նորաբաց «Ռուսական կենտրոնում» կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ