ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik․ ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել է Արմավիր մարզում հրազենի գործադրմամբ սպանության դեպքը։
Մասնավորապես, հունիսի 14-ին՝ ժամը 22:55-ին, Արմավիրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքով, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին (սպանություն) մասով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են տուժածի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Վանանդ գյուղի բնակիչներ, դեպքի վայրը, շարժառիթը:
Պարզվել է, որ դեպքի օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վանանդ գյուղում մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ նշված գյուղի բնակիչը, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տեսակի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակել է համագյուղացու կրծքավանդակի շրջանին, ինչի հետևանքով վերջինս, սրտի շրջանում ստացած վնասվածքից, տեղում մահացել է։
Շենգավիթում կատարված սպանությունը բացահատվել է. սպանվածը դանակահարողի քեռին է. տեսանյութ
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 12մմ տրամաչափի թվով 5 կրակված պարկուճներ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող հրացանը, հարցաքննվել են դեպքին ներկա գտնված անձինք, որոնցից վերցվել են կրակոցի արգասիքի նմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Նույն օրը Վանանդ գյուղի բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն սպանելու կասկածանքով: