Հայրենի քաղաքի` Գյումրու դիմագիծն ամբողջացնող զարդաքանդակների գեղեցկությունը երիտասարդ արվեստագետ Անահիտ Մխիթարյանին ստիպել է ինքնատիպ պայուսակներ ստեղծել: 24–ամյա արվեստագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ ամեն ինչ սկսվեց, երբ «Շիրակի» պետական համալսարանի կիրառական արվեստի բաժնի ավարտական դիպլոմային քննության ժամանակ ներկայացրեց իր գաղափարը՝ սերը Գյումրու ճարտարապետության հանդեպ՝ արտահայտված պայուսակներում ու հագուստներում:
«Գաղափարը հեշտ տրվեց, իրագործելը՝ դժվար: Եղան մարդիկ, որոնք ասում էին, որ չի ստացվի, բայց ես պնդում էի, ասում՝ եթե մտքումս կա, ուրեմն կանեմ:Սկզբում չստացվեց, բայց հետո քիչ–քիչ ստացա ուզածս»,- ասաց Անահիտը և ավելացրեց` գործը նաև բարդ է նրանով, որ պայուսակները պատրաստված են կաշվի փոխարինիչներով. Ի տարբերություն բնական կաշվի, որը հեշտ է ենթարկվում, փոխարինիչի հետ դժվար է աշխատել:
Երիտասարդ արվեստագետը ստեղծում է այնպիսի պայուսակներ, որոնք ինքն անձամբ մեծ հաճույքով կկրի՝ ժամանակակից դիզայնով, բայց հայկական տարրերով:
Յուրաքանչյուր պայուսակի դեպքում նա ինքնատիպ տեխնոլոգիա է կիրառում` պայուսակին փոխանցելով Գյումրու ճարտարապետական զարդաքանդակի ծավալային բնույթը:
«Երբ քայլում եմ Գյումրու փողոցներով ու տեսնում այն արժեքավոր շինությունները, որոնք, ցավոք, փլուզման եզրին են, փորձում եմ դրանք թեկուզ այսկերպ պահպանել: Իմ որոշ գործերում նաև այդ փլուզված շենքերի զարդաքանդակների մասնիկները կան: Իմ հավաքածուի օգնությամբ ուզում եմ քաղաքիս գեղեցկությունը ցույց տալ բոլորին»,-ասում է Անահիտը:
Պայուսակի հանդեպ սերը փոքրուց է եղել, սկզբում պայուսակներ է կարել տիկնիկների համար, հետո` իր: Երբեմն նյութի գույնն է թելադրում պայուսակի ձևն ու զարդանախշը: Կախված պայուսակի ձևից ու զարդաքանդակի նախշից՝ Անահիտը մեկ պայուսակը 5-7 օրում է կարում: Չի թաքցնում՝ դեռ կան զարդանախշեր, որոնց՝ պայուսակին փոխանցելու գաղտնիքը դեռ չի բացահայտել:
Հին արհեստի նոր լեզուն. գյումրեցի արվեստագետի թաղիքագործական ձեռքբերումները
Ասում է՝ թեև շատ կանայք ու աղջիկներ են պայուսակները գնելու ցանկություն հայտնել, բայց դրանք դեռ չի պատրաստվում վաճառել։ Կվաճառի, երբ բավական քանակով պատրաստի պայուսակներ ունենա: Մտածում է նաև հագուստի շարքն ավելացնելու ու բնական կաշի օգտագործելու մասին: Զուգահեռ աշխատում է նաև պայուսակների բրենդավորման վրա:
Հիմա Անահիտի հիմնական ժամանակը խլում է որդին` 1 տարեկան Անրին, բայց արվեստագետը ժամանակ է գտնում նաև իր պայուսակների ու կաշվե հագուստների շարքը լրացնելու ու իր համար ճարտարապետության հարուստ ժառանգություն ունեցող քաղաքի զարդաքանդակները բացահայտելու համար: