ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Հայաստանն առաջնահերթություն է համարում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը։ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Մենք շարունակելու ենք ռազմավարական գործընկերության զարգացումն ու խորացումը Ռուսաստանի Դաշնության հետ, որը մեր անվտանգային թիվ մեկ գործընկերն է»,- հայտարարեց Փաշինյանը:
Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանի իշխանություններն ամենօրյա կապի մեջ են ռուս գործընկերների հետ ՝ Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ իրենք աշխատում են կյանքի կոչել այն առաջարկը, որը վերաձևակերպել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Խոսքը վերաբերում է սահմանային այդ հատվածից հայելային եղանակով երկու զորքերի հեռացման ու մշտական տեղակայման վայրեր վերադառնալու մասին է։ Դրանից հետո սահմանի երկայնքով նախատեսվում է միջազգային դիտորդների տեղակայում ՌԴ-ից կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներից, որոնց հովանու ներքո կսկսվի պետական սահմանի սահմանազատման և սասհմանագծման գործընթացը։
Հայաստանի համար սահմանազատման վերաբերյալ ՌԴ առաջարկն ընդունելի է. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կոչ է անում հանրությանը չվախենալ «դեմարկացիա» և «դելիմիտացիա» բառերից։ Նրա խոսքով՝ դրանք նշանակում են «պարիսպ՝ մեր երկրի շուրջ»։