ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է առերևույթ ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ դատախազությունը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ընտրողներին բնամթերք է բաժանում նրանց ձայների դիմաց։
Կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էին տվյալ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարը և նույն գրասենյակի քարտուղարը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձերբակալվածներից մեկը՝ կուսակցության տարածքային գրասենյակի ղեկավարը, նաև ընդգրկված էր տվյալ կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակում, ուստի դատախազությունը միջնորդություններ էր ներկայացրել ԿԸՀ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու համար:
Այսօր կայացած նիստում ԿԸՀ-ն համաձայնություն է տվել դատախազության միջնորդություններին։
«Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից սահմանված կարգով ԿԸՀ որոշումներն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին և տրվել է անձին մեղադրանք առաջադրելու և անհրաժեշտ դատավարական գործողությունները կատարելու հանձնարարություն:
Նշված գործով քրեական հետապնդում է հարուցվել ևս 7 անձի նկատմամբ, որոնցից մեկին՝ ընտրակաշառք տալու, 6-ին՝ ընտրակաշառք ստանալու կասկածանքով»,- տեղեկացնում է Գոռ Աբրահամյանը։
Դատախազությունը նախազգուշացնում է՝ իրավապահ մյուս մարմինների հետ հետևողական է լինելու նմանատիպ հանցավոր ցանկացած արարքի բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, ինչպես նաև մեղավորների համաչափ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում:
Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ հանցավոր հարաբերությունների մեջ մտնելուց, որևէ եղանակով քաղաքացիների ազատ ընտրության վրա ներազդելուն ուղղված քայլերից:
Հիշեցնենք` ըստ դատախազության հաղորդագրության` 2021թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում կուսակցություններից մեկի Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի Գավառում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին:
2021թ. հունիսի 9-ի առավոտից սկսած՝ Ս. Զ.-ն, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 ՀՀ դրամ արժողությամբ։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձանց ընտրակաշառք տալը):
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ա. Ա.-ն և Ս.Զ.-ն բերման են ենթարկվել ոստիկանության գավառի բաժին: Միջոցներ են ձեռնարկվում նշված հանցավոր արարքներում նաև այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը պարզելու նպատակով: