ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա նախօրեին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն: Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
«Նախագահ Սարգսյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանության աշխատակիցներին և հանձինս նրանց՝ Ռուսաստանի ողջ ժողովրդին պետական տոնի առթիվ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նախագահ Սարգսյանն ու դեսպան Կոպիրկինը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ:
Նշենք, որ 1992 թվականին Ռուսաստանի Դաշնության Գերագույն Խորհրդի որոշմամբ` հունիսի 12 - ը հայտարարվել է Ռուսաստանի Դաշնության Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրը։
Կրեմլում Ռուսաստանի օրը նախագահը պետական մրցանակներ է հանձնում։ Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի են ունենում տոնակատարություններ, որոնք ավարտվում են տոնական հրավառությամբ: