ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձագանքել է մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության մասին` ՀՀ կառավարության դիմումին: Տեղեկությունը Facebook–ում հայտնում է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը։
Նշենք, որ մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի էր գերեվարել։
«Նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջնակյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես, ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Միաժամանակ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս առաջադրված մեղադրանքները»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հայտնի է, որ հունիսի 8–ին Եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ:
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետությունը մայիսի 27–ին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։
Ավելի վաղ, պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին։
Հավելենք, որ արցախյան պատերազմում հրադադարի հաստատումից ի վեր վերադարձվել է 70 հայ գերի։ Իսկ թե քանի գերի կա դեռ Բաքվում, ստույգ թիվ չի նշվում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ նրանց թիվը կարող է հասնել 300-ի։
Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ վերադարձրել է բոլոր գերիներին, իսկ իրենց մոտ մնացածները «ահաբեկիչներ» են։
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ-ին Ադրբեջանի կողմից այսօր գերեվարված հայ զինծառայողի խնդրով