ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի բոլոր նախկին նախագահները պետք է պատասխանեն մի հարցի, թե ինչ գործողություններ պետք է իրականացնեին 2018 թվականից հետո Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում։
Փաշինյանը ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը արդեն իսկ իր ձեռքով ներկայացրել է Ղարաբաղի հարցում 2018 թվականին ստեղծված իրավիճակը, երբ Հայաստանին առաջարկվում էր տարածքներ հանձնել ոչ մի բանի դիմաց։
«Ես առաջարկում եմ, որ Լևոն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պատասխանեն մի հարցի, թե 2018 թվականից սկսած ինչ գործողություններ էին անելու Ղարաբաղի հարցի լուծման համար։ Ի՞նչ տրամաբանությամբ էին առաջնորդվելու։ Մինչև ձայնագրությունը հրապարակելը, որ հարցնում էինք ինչպես էիք Ղարաբաղի հարցը լուծելու, ասում էին դե մենք տեղյակ չենք։ Հիմա բոլորդ ինֆորմացված եք, դե ասեք, թե ոնց էիք պատկերացնում հարցի լուծումը, շարունակությունն էլ հայտարարեք»,–ասաց նա։
Հիշեցնենք` ավելի վաղ Սերժ Սարգսյանը խոստացել էր Նիկոլ Փաշինյանին վարկաբեկող ձայնագրություն հրապարակել, այնպիսին, որից հետո «ազգը կթքեր նրա դեմքին»։ Ասվել էր նաև, որ ձայնագրությունը կվերաբերվի նրա ընտանիքին։ Սակայն ավելի ուշ Սարգսյանը ասաց, որ այնպիսի մարդ չէ, որ ուրիշի ընտանիք մտնի և «կեղտոտ սպիտակեղեն դուրս բերի»։
Փաշինյանը մինչև հիմա չի հասկացել ԼՂ հարցը. Տեր-Պետրոսյանն ասաց` ովքեր են տիրապետում դրան
Նա հրապարակեց մի ձայնագրություն, որում Փաշինյանը պատմում է Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ հանդիպումից դրվագ, որի ժամանակ հրաժարվել է Լավրովյան պլանից` առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման։ Փաշինյանը ասել է, որ երեք երկրների ղեկավարները նրան այնպիսի շրջանակների մեջ էին դնում, որ ստիպված էր երբեմն գիժ ու ոչ ադեկվատ պահել իրեն։