ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը վստահ է`ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գնալով գահավիժում է։ Հարությունյանը նման կարծիք հայտնեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Փաշինյանը մտքեր է ասում, որոնք տասնյակ նոր հարցեր են առաջացնում: Նա յուրաքանչյուր հաջորդ անգամ ստիպված փորձում է դրանք կոմպենսացնել՝ բռնության կոչեր հնչեցնելով: Ակնհայտ է, որ նա փորձում է լարվածության այնպիսի աստիճան հրահրել, որը գուցե նաև ներքին բախումների կհանգեցնի»,–ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` իշխանության վարած քարոզչությունը դժվար է քաղաքակիրթ անվանել։
Նշենք, որ երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր Փաշինյանի այն հայտարարությանը, թե Մոնտե Կառլոյի խաղատանը Սարգսյանը զինվորների գումարներն է մսխել։ Սարգսյանն ասել էր` եթե 24 ժամվա ընթացքում Փաշինյանը մեկ փաստ չհրապարակի, ապա ինքը նրա ընտանիքի մասին փաստեր կհրապարակի։ Դավիթ Հարությունյանը, խոսելով այդ մասին, նշեց, որ Սարգսյանը կխոսի փաստերով։
«Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին տվել է ժամանակ առաջին հերթին այն պատճառով, որ այս քարոզարշավը իշխանական ուժի կողմից ուղեկցվում է ակնհայտ ստահոդ տեղեկություններ հրապարակելով։ Սերժ Սարգսյանի ասածը հետևյալն էր, որ մենք ասեկոսեներ չենք տարածելու, խոսելու ենք փաստերով։ Կարծում եմ` շատ շուտով փաստերով կխոսենք, երբ ժամը լրանա»,–ասաց Հարությունյանը։
Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։
Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։
«Բա որ ես էլ ընդունեմ դուելի հրավերը` շարեմ ճակատին». Նիկոլ Փաշինյանը` Ռոբերտ Քոչարյանին