ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին Երևանում հերթական հանդիպումն է ունեցել Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների հետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Ըստ հաղորդագրության` Արցախի նախագահը նշել է, որ տեղահանված բնակիչների խնդիրները գտնվում են ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և ավանդական դարձած ձևաչափով հանդիպումների նպատակն է ժամանակին վերհանել բոլոր խնդիրները և փորձել առկա հնարավորությունների սահմաններում օպերատիվ լուծումներ առաջարկել:
Անդրադառնալով բնակիչների կորցրած շարժական և անշարժ գույքի՝ ՀՀ և ԱՀ կառավարությունների համատեղ ջանքերով փոխհատուցման խնդիրներին՝ Հարությունյանը նշել է` ստեղծվել է հանձնաժողով, որը կգնահատի դրանց ծավալները և պետության կողմից, բացի որոշակի դրամական աջակցությունից, կտրվի նաև պարտքը վերադարձնելու հավաստագիր, որը մինչև նախատեսված ժամանակացույցի ավարտը տարեկան տոկոսադրույքի եղանակով նաև որոշակի դրամական եկամուտ կապահովի:
Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր տեղահանված քաղաքացիների վերադարձն Արցախ շարունակում է մնալ կառավարության առաջնահերթություններից: Եվ այն ընտանիքները, որոնք Արցախում մշտական բնակություն կհաստատեն, պետության կողմից կստանան բնակարան, համապատասխան գույք և տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ աջակցություն։
Հանդիպման ընթացքում Արցախի նախագահը համայնքների ղեկավարներից հետաքրքրվել է Հայաստանում ապաստանած քաշաթաղցիների խնդիրների մասին, լսել դրանց լուծմանն ուղղված առաջարկները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։
«Անգամ ոսկեղենը չենք վերցրել...». Գրիգորյանների ընտանիքը 2 անգամ է փախել պատերազմից