ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի-Sputnik, Խաչիկ Չախոյան. Շվեդիա-Հայաստան խաղին 50 հազար նստատեղ ունեցող Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում լինելու է ընդամենը 500 երկրպագու։ Համավարակի պատճառով տոմսեր չեն վաճառվում, և տրիբունաներում հայ ֆուտբոլասերներ չեն լինելու։
Առաջիկա խաղի հետ կապված Sputnik Արմենիան զրուցել է շվեդական ակումբներում հանդես եկած Լևոն Փաչաջյանի և Քրիստինա Մանգասարյանի հետ։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Փաչաջյանը Շվեդիայում խաղում է 2013 թվականից։ Այն հարցին, թե հայ երկրպագուներն ինչպես են պատրաստվում առաջիկա խաղին Լևոնը պատասխանում է, որ ցավոք Covid-19 պայմաններում Շվեդիայում շատ մեծ սահմանափակումներ են գործում, պատվիրակություններին ստիպում են թեստեր հանձել, իսկ երկրպագուների հարցը լ ավելի խիստ է:
«Հայ երկրպագուներն իհարկե հետաքրքրված էին Շվեդիա-Հայաստան խաղով։ Պարբերաբար զանգահարում ու խնդրում են, որ իրենց օգնենք խաղին ներկա գտնվելու, բայց ցավոք այս պահին անհնար է դա անել։ Անկախ ամեն ինչից, հայ համայնքը հուսով է, որ մեր ընտրանին արժանի խաղ կցուցադրի ու անպարտելի խաղերի շարքը կշարունակվի»,–ասում է Լևոնը։
Հավաքականի նախկին ֆուտբոլիստը նկատում է, որ մեր թիմին բարդ հանդիպում է սպասվում, քանի որ շվեդներն իրոք շատ ամուր թիմ ունեն` ֆիզիկապես ուժեղ, տակտիկապես շատ լավ պատրաստված:
«Բայց ինչպես ասում են` մենք էլ նվեր չենք և վերջին խաղերում գրանացած արդյունքները հույս են ներշնչում, որ շվեդների համար էլ հեշտ չի լինելու: Չնայած խաղի ընկերական բնույթին, ես սպասում եմ դիտարժան ֆուտբոլ։ Շվեդիայի լրատվամիջոցներն էլ ուշադրության կենտրոնում են պահում այս հանդիպումը և կարևորում այն, քանի որ Եվրո-2020-ի մեկնարկից առաջ հայերի հետ խաղը վերջին ստուգողականն է նրանց համար»,–ասում է Փաչաջյանը։
Հայաստանի կանանց ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիստինե Մանգասարյանը, որը նույնպես երկար ժամանակ խաղացել է Շվեդիայի առաջնությունում, գտնում է, որ մեր ընտրանուն հեշտ խաղ չի սպասվում ու վստահեցնում, որ Շվեդիայում ֆուտբոլ շատ են սիրում։
«Շվեդիայում շատ զարգացած է ֆան շարժումը։Ներքին առաջնությունում կան սկզբունքային մրցակիցներ, որոնց խաղերի ժամանակ նույնիսկ ընդհարումներ են լինում։ Բայց ազգային հավաքականի խաղերի ժամանակ շվեդները միավորվում են ու աջակցում իրենց հավաքականին»,–պատմում է Քրիստինեն։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզադաշտում երկրպագուների թիվը շատ չի լինելու` կարելի է համարել, որ Հայաստանի հավաքականի վրա մրցակցի ֆան շարժման ճնշում չի գործադրելու։ Իսկ թե ինչպիսի ճնշում կգործադրի Շվեդիայի հավաքականը, կտեսնենք խաղի ժամանակ։
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի «պարային» նախավարժանքը. տեսանյութ
Վստահ կարելի է ասել, որ Շվեդիա-Հայաստանը տարբերվելու է Խորվաթիա-Հայաստան խաղից, որովհետև մեր մրցակիցները տարբեր խաղաոճ են դավանում։